երեքշաբթի, 27 հունիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց հանրապետության ազգային փոքրամասնությունների միությունների համակարգող խորհրդի անդամներին:
Ընդգծելով, որ իրենց համայնքներում առկա սոցիալական խնդիրները նման են հանրապետության ամբողջ բնակչության այսօրվա հիմնահարցերին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները նշեցին նաև այն առանձնահատուկ դժվարությունները, որոնց հանդիպում են: Տարբեր համայնքներին հուզող խնդիրները գրեթե նույնն են` լեզվի ուսուցման, կադրերի վերապատրաստման, թերթերի հրատարակման, դպրոցների կառուցման և վերանորոգման, շենքային պայմանների, տարբեր միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսավորման և այլն: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նշեց, որ ազգային փոքրամասնությունների հիմնահարցերը միշտ էլ եղել են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Վարչապետը տեղեկացրեց, որ արդեն քննարկվում է համակարգող խորհրդին այնպիսի շենքի տրամադրման հարցը, որտեղ կտեղակայվեն ոչ միայն խորհուրդը, այլև տարբեր ազգային մշակութային միությունները:
Այս տարի առաջին անգամ պետական բյուջեով նախատեսված է 10 մլն դրամ հատկացնել ՀՀ ազգային փոքրամասնություններին: Վարչապետը հավաստիացրեց, որ խորհրդի կողմից բանկային հաշիվ բացելուց անմիջապես հետո նշված գումարը կտրամադրվի:
Անդրանիկ Մարգարյանն առաջարկեց համախմբել տարբեր համայնքներում եղած համանման խնդիրները, համապատասխան գերատսչությունների հետ քննարկելու համար:
Շնորհակալություն հայտնելով կառավարությանը ցուցաբերած ուշադրության համար` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին մասնակցություն բերելու իրենց երկրորդ հայրենիքը դարձած Հայաստանի շենացմանը: Եզդիների համանյքի ներկայացուցիչ Հասան Թամոյանի խոսքերով, Հայաստանը ազգային փոքրամասնությունների նկատմամբ իր վարած քաղաքականությամբ կարող է օրինակ լինել շատ երկրների համար: