հինգշաբթի, 4 ապրիլի 2013
Երկրի թիվ մեկ հարցը աշխատատեղերի ստեղծումն է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով իր նախկին որոշումներից մեկով հավանության արժանացած ՀՀ զբաղվածության 2013-2018 թթ. ռազմավարությունը, հավանություն է տվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին, որով առաջարկվում են զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենքի հիմնադրույթները։ Դրանցից են ճկունության հնարավորության ընձեռումը, աշխատանքի տեղավորման ծառայություն մատուցող ոչ պետական կազմակերպություններին ծրագրերի իրականացման պատվիրակումը, մասնագիտական կողմնորոշման` որպես առանձին ծրագրի ամբողջացումը և հստակեցումը, նոր ծրագրերի փորձարկումը և այլն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է օրենքի հայեցակարգը համապարփակ ձևով ներկայացնել հանրությանը։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության համար մեկ խնդիրն աշխատանքի խնդիրն է, և մարդիկ մշտապես այդ հարցն են բարձրացնում, որ չկա աշխատատեղ, չկա աշխատանք, - հավելել է վարչապետը։ - Եթե մենք ունենք 3000-ից ավելի թափուր հաստիք, ապա, մի կողմից, պարտավոր ենք ավելի ակտիվորեն այդ տեղեկությունը տեղ հասցնել և երկրորդ` պետք է ներկայացնենք՝ ինչ հնարավորություն ենք տալիս վերապատրաստման համար։ Եթե մարդը լսում է, որ ինչ-որ մի մասնագիտության, օրինակ` խառատի թափուր տեղ կա, ինքն ասում է` ցավոք սրտի, ես խառատ չեմ, բայց եթե զուգահեռաբար ասենք, որ պետությունն անվճար վերապատրաստում է ձեզ, և դուք կարող եք պետության այդ ծրագրից օգտվել, վերապատրաստվել և այդ աշխատատեղն ստանձնել, դա կնշանակի ավելի ակտիվ զբաղվածության քաղաքականություն իրականացնել»։ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի նախարարությունը հեռուստատեսությամբ այդ տեղեկությունը պարբերաբար ներկայացնի հանրությանը, ինչը, մյուս կողմից, կառաջացնի մասնավոր հատվածի հետաքրքրությունը` նախարարության հետ համագործակցելու, քանի որ պետությունն ակտիվ քաղաքականություն է վարում. այդ դեպքում մասնավորն էլ կդիմի նախարարություն և թափուր աշխատատեղերի մասին տեղեկություն կտա։
Պետպատվերը պետք է նպաստի բուհական կադրերի պատրաստմանը
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոխել է ՀՀ կրթական ծրագրերի արտոնագրման կարգերը` համայնքային ոչ առևտրային նախադպրոցական կազմակերպություններին լրացուցիչ ժամանակ տրամադրելով ապահովելու արտոնագրման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները։ ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի 2013/2014 թթ. ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստի ձևով վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը, ինչպես նաև 2013/2014 թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը։ Արձանագրելով այն իրողությունը, որ տարբեր ուղղվածություն, մասնագիտացում ունեցող բուհերը, շուկայական պահանջարկից օգտվելով, սկսում են իրենց բուհի մասնագիտացմանը ոչ բնորոշ մասնագիտությամբ կադրեր պատրաստել, վարչապետը տվյալ հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել է հստակեցնել այս խնդրում նախարարության որդեգրած ռազմավարությունը և դրա հնարավոր փոփոխությունը։ Միևնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի կարծիքով` պետությունը պետք է էապես խստացնի իր վերահսկողությունը կադրերի որակի նկատմամբ։ Քննարկման ժամանակ օրինակ է բերվել ՏՏ ոլորտը, որտեղ տարեկան կա հազար և ավելի մասնագետի կարիք` ի տարբերություն իրավաբանի, տնտեսագետի և մի քանի այլ մասնագիտությունների, որոնցով աշխատաշուկան հագեցած է։ Շահագրգիռ քննարկմանը մասնակցել և վարչապետի հարցերին են պատասխանել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Գերակշռել է ոլորտում հավասարակշռված քաղաքականություն վարելու դիրքորոշումը։
Սուբսիդավորվում են գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքները
2011-2012 թթ. տնտեսվարողներին տրամադրվել է 32.2 մլրդ դրամի մատչելի վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար` 6 տոկոսը։ 2012 թ. սեպտեմբերին կառավարությունը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգել էր տոկոսադրույքի սուբսիդավորմամբ նոր վարկերի տրամադրման ժամկետը։ Եվ ահա կառավարության որոշմամբ սահմանվել է նոր ժամկետ` ս.թ. մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ուղղված է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացներին։ Դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին` վարչապետն առաջարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ առաջիկայում խրհրդակցություն հրավիրել` քննարկելու գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի բերքի իրացման խնդիր եղել է։ «Հիմա, երբ սկսի մթերման շրջանը, մենք էլի խնդիրների առջև ենք կանգնելու, քանի որ գյուղացու ակտիվները, սեփական կապիտալը բավարար չեն, որպեսզի վարկային միջոցներ նրանց տրամադրվեն՝ գնումներ իրականացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք հենց այսօր սկսենք այդ աշխատանքը՝ հասկանալով, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու 2013 թվականին, և մենք ինչ ծրագրեր ենք առաջարկելու, օգնելու գյուղատնտեսությանը՝ ապրանքի իրացման հարցում։ Ի մի բերեք բոլոր խնդիրները, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկեք, թե ինչ նոր մեխանիզմներ կարող ենք առաջարկել։ Մասնավորապես, մենք ունենք ուղղակի կապեր Ռուսաստանի տարբեր մարզերի հետ և ամեն տարի թարմացնում ենք նրանց հետ մեր պայմանագրային հարաբերությունները, նրանք մեզանից հետաքրքրվում են, թե ինչ գյուղապրանքներ մենք կարող ենք իրենց առաջարկել։ Դա պետք է հենց այժմվանից սկսել՝ տեսնել, իրենք շահագրգռվածություն ունե՞ն արդյոք, տեղափոխման ծախսերն ինչպիսի՞ն են։ Առանց պետության ակտիվ մասնակցության մենք 2013-ին լրջագույն խնդիրներ կունենանք», - եզրափակել է վարչապետը։
Գործադիրը թույլատրել է «Գոլդն գրեյփ Արմաս» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. մայիսի 22-ը։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 2009 թվականին, Արագածոտնի մարզում կառուցում է գինու և կոնյակի արտադրության գործարան, որի համար նույն տարածաշրջանում հիմնել է 180 հեկտար խաղողի այգի։ Արտադրության կազմակերպման համար ընկերությունը կատարել է մոտ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ունի արտահանման ուղղվածություն. արտադրանքի զգալի մասը նախատեսվում է իրացնել արտաքին շուկայում, այդ թվում` ՌԴ-ում և ԱՄՆ-ում։
Վերականգնվում են ձախողված կառուցապատման ծրագրից տուժածների գույքի կորուստները
Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 2-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները` կառավարությունը որոշում է ընդունել Երևանի Արամի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքի կորստի վերականգնման նպատակով։ Տուժածների իրական վնասների վերականգնման համար նախատեսվում է Արամի 72-76 հասցեներում գտնվող շենքն օտարել «Դե ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին և ծրագրի շահառուներին տարածքներ տրամադրել Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում գտնվող անավարտ շենքից, որը նույնպես պատկանում է վերը նշված ընկերությանը, ինչպես նաև Արամի 72-76 հասցեներում կառուցված շենքից։ Հանրային մեծ հնչեղություն ստացած այս հարցի կառավարական քննարկմանը, բացի զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից, մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Ամփոփելով մտքերի փոխանակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շահառուների մեծամասնությունը համաձայն է այս որոշման հետ, սակայն կլինեն մարդիկ, ովքեր համաձայն չեն լինի։ Եվ քանի որ նման անբարեխիղճ կառուցապատողներ դարձյալ կարող են լինել, վարչապետն առաջարկել է, որպեսզի իր ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը շարունակի աշխատանքը` հնարավոր մյուս դեպքերին ևս լուծում տալու համար։ Բացի այդ, բացահայտված այս դեպքերը, երբ մեկն սկսում է բնակչությունից փող հավաքել ինչ-ինչ խոստումներ տալով, ոչնչով չեն տարբերվում բանկային գործառույթներից, վերջիններս, սակայն, հսկվում են։ Վարչապետն առաջարկել է համանման հսկողական մեխանիզմ կիրառել նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր հրապարակային օֆերտայով մարդկանցից փող են հավաքում։ Բացի այդ, քաղաքացիներին պետք է կոչ անել, որպեսզի խուսափեն նման գործարքներից և խաբեբաների ձեռքն ընկնելուց։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացում, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության իրավաբանական ծառայության և «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ գնորդի միջև կայացած բանակցության ընթացքում։ Նոր պայմանագրում փոխվել է ինչպես պարտավորության կատարման ժամկետը, այնպես էլ պարտավորության չկատարման դեպքում սահմանվել են տույժ-տուգանքներ։
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թթ. կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով ՀՀ անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին 2013 թվականին «Երևան» հիմնադրամին վճարվել է 13.5 մլն դրամ, որը հատկացվելու է իրացման ծրագրերից տուժած առանձին իրավատերերի 2013 թ. ընթացքում սոցիալական օգնություն տրամադրելու համար։
Ռիսկի վրա հիմնված ստուգման ոլորտն ընդլայնվում է
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգման ստուգաթերթերը,
- «Հանուն պատվաստման և իմունիզացման» միջազգային դաշինքի աջակցությամբ իրականացվող առողջապահության համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,
- օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների և կառույցների սառեցման կարգը, որը համապատասխանեցվել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքին,
- ՀՀ ազգային վիճծառայության «Մարդահամար 2011» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը, որի առիթով վարչապետը շեշտել է գյուղատնտեսության ոլորտում համատարած` հողերի, գյուղատնտեսական կենդանիների, շինությունների, աշխատատեղերի հաշվառում անցկացնելու կարևորությունը։ Այդ գործի համար անհրաժեշտ 4.5 մլն ԱՄՆ դոլարը պետք է հավաքվի համաֆինանսավորմամբ, նաև դոնորների օգնությամբ։ Հաշվառումը, որի արդյունքում երկիրը կունենա վարչական ռեգիստր, պետք է իրականացվի երեք տարվա ընթացքում։
Վերանայվում են շինարարական նորմերը
Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման աշխատանքի իրականացման նպատակով կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է մոտ 50 մլն դրամ` քաղաքաշինության նախարարին հանձնարարելով այդ գործընթացն իրականացնելիս նորմերը հնարավորինս համապատասխանեցնել Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերին և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական չափորոշիչներին։ Որոշման անհրաժեշտությունը թելադրված է այն իրողությամբ, որ քաղաքաշինության բնագավառում գործող շինարարական նորմերն ընդունվել են ԽՍՀՄ տարիներին և այժմ վերանայման ու արդիականացման կարիք ունեն։ Գործընթացը կնպաստի բնակչության առողջության և բարեկեցության բարելավմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, շենքերի սեյսմակայունության և հուսալիության բարձրացմանը, շինտեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարելավմանը։
Կառավարության որոշմամբ «Սալսա դիվելոփմենթ» ընկերությունում ստեղծվել է խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը` ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) միջև ՀՀ տարածքում հիմնադրամի մասնաճյուղի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրից Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՀՀՄՀ ծրագրերին։ 2009 թվականից սկսած մեր երկրում ամեն տարի իրականացվում է ութ ծրագիր, այդ թվում «Ա. Խաչատրյան մրցույթ», «ԱՊՀ երկրների թարգմանիչների և հրատարակիչների համաժողով», «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ԱՊՀ կինոյին նվիրված բաժինը և այլն։ Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրմամբ նշված աշխատանքը կդառնա առավել համակարգված։
Սիրիայի Արաբական Հանրապետությունից վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն եկած հայ քաղաքացիներին այդ պետությունում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968 թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով վարորդական վկայականին ներկայացվող պահանջներին և չեն փոխանակվում։ Ընդունված որոշման շնորհիվ հնարավոր կլինի նշված վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություն հանձնելու, սիրիահայերին մեկ տարի ժամկետով տալ ՀՀ ազգային վարորդական վկայականներ, պայմանով, որ այդ ընթացքում որակավորման քննությունները հանձնվեն։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: