Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 ապրիլի 2013

Կմեծացվի նախարարների պատասխանատվությունը






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։
Ի կատարումն ՀՀ Նախագահի 2013 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագրի կառավարությունը զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել է հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։
Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում է գնումների գործընթացի կազմակերպմանը։ Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջել է բազմաթիվ ՊՈԱԿ-ների և գերատեսչությունների, մասնավորապես, թատրոնների ղեկավարներին, ովքեր թերի էին համարում գնումների ընթացակարգերը, որոնցով իրենք դժվարանում էին գնում կատարել, որովհետև մրցույթների անցկացումը ժամանակի անհարկի վատնում էր։ Եվ ահա որոշմամբ նշված հաստատություններին թույլ է տրվել մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ ապրանք ձեռք բերելու ժամանակ կատարել ուղղակի գնումներ` առանց մրցույթ անցկացնելու։
Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները։ Այս որոշման վերաբերյալ նույնպես Տիգրան Սարգսյանը մեկնաբանություններ է արել. «Բոլոր նախարարներն իրենց հսկողության տակ են պահելու այս ընթացակարգը, որովհետև սա իրենց անձնական պատասխանատվության խնդիրն է, - ասել է նա։ - ՀՀ ֆինանսների նախարարությունը դուրս է բերել բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ամեն տարի մենք ձեռք ենք բերում, կրկնվող ցանկը` գրիչ, ջուր, միս, կարտոֆիլ, վառելիք և այլն։ Հսկող մարմինները հայտնաբերել են, որ շատ հաճախ կրկնվող ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթով լինում է ավելի բարձր, քան դուք կարող եք այդ ապրանքը ձեռք բերել խանութում, ինչն անթույլատրելի է, հակառակը պետք է լինի` ավելի էժան, քան խանութում։ Հիմա մենք շատ կոշտ ֆիլտր ենք սահմանում։ Սահմանել ենք բոլոր այդ ապրանքատեսակների տիպերը, որոնցից այն կողմ իրավունք չկա մշտապես կրկնվող այդ ապրանքները գնել։ Եթե դուք ուզում եք ինչ-որ առանձնահատուկ գրիչ առնել կամ առանձնահատուկ թուղթ, պետք է հիմնավորեք դա։ Ինչո՞ւ է կարևոր տիպաբանությունը, որովհետև դրա վրա շատ հաճախ խաբեություն է կատարվում. ասում են, որ այսինչ շտրիխը փոխվեց, դրա համար էլ գինը բարձրացավ, հիմա այդպիսի խորամանկություն այլևս թույլ չենք տալու։ Հսկողությունն էլ լինելու է նախարարների կողմից. գինը պետք է լինի ավելի ցածր, քան այն գինն է, որ մենք այսօր հաստատում ենք։ Սա վերաբերելու է 70-80 տոկոս գնումներին. մենք և մեր հանրությունը պետք է վստահ լինենք, որ այս ապրանքը ձեռք ենք բերում այս պահի դրությամբ մանրածախ գներին համահունչ գներով։
Շատ կոշտ ֆիլտր է, քանի որ արգելում ենք դրանից բարձր գնով ձեռքբերումը և վերահսկողության պատասխանատվությունը դնում ենք նախարարների վրա։
Նախորդ նիստերից մեկում ես հանձնարարեցի, որպեսզի ֆինանսների նախարարությունը հրապարակային դարձնի այն խոշոր ձեռնարկությունների անունները, որոնք 2011 թվականի աուդիտի եզրակացությամբ ունեն լրջագույն թերություններ կամ չունեն աուդիտի եզրակացություն, ինչը նշանակում է, որ նրանց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, և մենք այդ տեղեկությունը տրամադրենք նաև մեր հանրությանը։ Ես կարծում եմ ճիշտ կլինի, որ այն ձեռնարկությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները հավաստի չեն, իրավունք չունենան մասնակցելու գնումներին։ Դա պետք է ամրագրել կառավարության որոշումով։
Համանման սկզբունք մենք որդեգրելու ենք նաև առողջապահական ծառայություններից օգտվելու ժամանակ։ Եթե նրանց ֆինանսական հաշվետվությունները թերի են կամ աուդիտորը եզրակացություն է տալիս, որ իր կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունն ունի լրջագույն թերություններ և այդ հաշվետվությունը չի արտահայտում իրականությունը, մենք այդպիսի խոշոր բուժհաստատություններին նույնպես պետք է սև ցուցակում տեսնենք և նրանց նկատմամբ շատ խիստ լինենք»։

ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է այս բովանդակությամբ որոշման նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխություններով գործադիրը շարունակել է հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումը` օպտիմալացնելով հարկային մարմնի ստորաբաժանումները և կրճատելով տարածքային հարկային տեսչություններ։


Հավանություն է տրվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մինչև ս.թ. ապրիլի 23-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնց հիման վրա հաշվետվությունը կլրամշակվի։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է օրենքի ծածկագրերը համապատասխանեցնել ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի 5-րդ խմբագրությանը։
Նիստում հավանության են արժանացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու ՀՀ օրենքի և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը, որոնք, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, որակապես առաջընթաց քայլ կապահովեն ոլորտի բարեփոխման ուղղությամբ։ «Բուռն քննարկումը դեռ առջևում է, - հավելել է վարչապետի պաշտոնակատարը։ - Նախատեսվում է Ազգային ժողովում լսումներ կազմակերպել և ընդունել հնարավորինս անթերի օրենքների փաթեթ»։
Գործադիրը քննության է առել Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին տալ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն։ Կառավարության եզրակացության համաձայն նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի։
Նիստում քննարկվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Օրինագիծը, ըստ հեղինակների, նպատակ ունի ձևավորել հասարակության վստահությունն ընտրական գործընթացի և արդյունքի նկատմամբ։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախաձեռնությանը` հիմնավորելով այն։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Համալրվում է պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանը

Գործադիրը սահմանել է անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայի տվյալներն ամբողջացնելու, այդ թվում` 2012 թ. տվյալները լիազոր մարմին ներկայացնելու և դրանք պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան ներառելու կարգը, տվյալներում առկա անճշտությունները ճշտելու և տվյալներն ամբողջացնելու մեխանիզմները և այլն։
ՀՀ կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հատկացրել ավելի քան 28 մլն դրամ, որով համապատասխան փոփոխություններ կարվեն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տվյալների շտեմարանների կառուցվածքում` ապահովելով անհրաժեշտ տվյալներն ստանալը, պատշաճ ձևով գրանցելը, պահպանելը, սահմանված ձևաչափով արտահանելը և առցանց եղանակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրելը։ Միաժամանակ ձեռք կբերվեն համապատասխան սարքավորումներ։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացում, որոնցով կապահովվի Տավուշի մարզի համայնքներում կառուցված ոռոգման համակարգերի շահագործումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը, ինչպես նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրով «Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրության» բաղադրիչով հիմնված «Հայկական միրգ» ԲԲԸ կանոնավոր գործունեության կազմակերպումը։
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության համաձայնագրով իրականացված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով Շիրակի մարզի Հայկավանի և Լոռու մարզի Մեծ Այրումի համայնքներում կառուցված գազատարների շահագործումն ապահովելու նպատակով կառավարությունը նշված ծրագրով ձեռք բերված գույքի կազմից մոտ 80 մլն դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել է համայնքներին։


Աջակցություն կստանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը. ծրագրի համար ՀՀ պետբյուջեում նախատեսված է 80 մլն դրամ, որով Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացվելու և խթանվելու է Հայաստանում և արտերկրում, անցկացվելու է հետազոտություն, հասարակական իրազեկում. երկրորդ ուղղությունը միջազգային համագործակցությունն է, որի նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը. համատեղ ծրագրեր կիրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ինթելը», «Սիսկոն», «Նեյշնլ ինսթրումենթսը», «Նոկիան» և այլ վերազգային ընկերությունները,
- պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգեր ներառված տեղեկության հավաստիությունն ապահովելու նպատակով` մասնակիցների ռեեստրը վարողին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի ՀՀ քառամյա պարբերական զեկույցին,
- Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017 թթ. ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին,
- հանրակրթական ծրագիր (ծրագրեր) իրականացնող ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու սկզբունքներին և չափանիշներին։

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարության համաձայնությունն են ստացել Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, ինչպես նաև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքման առաջարկությունները։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադրի համաձայնությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների` վճարովի գործունեության ազատ իրականացման համաձայնագրի կնքման առաջարկությունը։
Նիստում համաձայնություն է տրվել ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թ. ստորագրված Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի վարկային համաձայնագրում միջոցների վերաբաշխում կատարելու առաջարկությանը։
Ս.թ. ապրիլի 21-ից մինչև 27-ը Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների դպրոցական սպորտի առաջին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանի շախմատի և բադմինթոնի ֆեդերացիաներին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է ավելի քան 1.5 մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ նախարարությանը հատկացվել է 28 մլն դրամ, որը տրամադրվելու է Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիային` 2013 թ. մայիսի 27-ից հունիսի 1-ը Էջմիածին քաղաքում Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլի մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ