երեքշաբթի, 2 մարտի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպան Մուհամմադ Բեն Սաիդ Մուհամմադ Ալ-Լիուատիին: Նշելով, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է արաբական երկրների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը, վարչապետն ընդգծել է մեր երկրի համար կարևորվող Ծոցի արաբական երկրների, այդ թվում՝ Օմանի հետ հարաբերությունների զարգացումը: Ըստ վարչապետի, երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման համար անհրաժեշտ է երկու երկրների միջև ձևավորել իրավապայմանագրային դաշտ, իրականացնել փոխայցելություններ և միմյանց տնտեսական հնարավորությունների ու փոխգործակցության ոլորտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում կատարել: Դրան մեծապես կարող են նպաստել նաև առևտրաարդյունաբերական պալատների համագործակցությունը, գործարարների ակտիվ շփումներնը և այլն:
Օմանի Սուլթանության դեսպանը նշել է, որ, իբրև Հայաստանում իր երկիրը ներկայացնող առաջին դեսպանը, այս այցով խնդիր ունի հնարավորինս հստակեցնել փոխգործակցության ուղղությունները, հնարավորություններն ու երկկողմ տնտեսական կապերի սերտացման առաջիկա ծրագրերը: Հանդիպման ընթացքում նշելով, որ Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի մասին բավականաչափ դրական պատկերացումներ ունի մեր երկրի հետ համագործակցող միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների զեկույցներից, դեսպան Մուհամմադ Բեն Սաիդ Մուհամմեդ Ալ-Լիուատին ՀՀ վարչապետից հետաքրքրվել է կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությամբ, առաջնահերթություններով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մերձավոր արևելյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ: Այդ առումով կարևոր նշանակություն ունի արաբա-իսրայելական հակամարտության և իրաքյան խնդրի կարգավորումը: Ըստ վարչապետի, մեր երկրի շահագրգռությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության խնդրում պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ Հայաստանն անմիջականորեն մոտ է գտնվում այդ տարածաշրջանին, այլ նաև նրանով, որ այդ երկրներում գոյություն ունեն մեծաթիվ հայ համայնքներ:
Հանդիպման ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ դեսպանի այցը խթան կհանդիսանա Հայաստանի և Օմանի միջև հարաբերությունների զարգացման գործում: