ուրբաթ, 3 մայիսի 2013
Քննարկվել են «Մայքրոսոֆթ» ընկերության հետ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին:
Վերջինս նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ երկրի տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում:
Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանում ստեղծված «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի աշխատանքները, քննարկել են վերջինիս կողմից գործունեության ընդլայնման, ՀՀ-ում «Մայքրոսոֆթ»-ի տարածաշրջանային հետազոտական կենտրոնի հիմնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Տակույա Հիրանոն պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության շնորհիվ ընդլայնել փոխգործակցության մակարդակը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացին:
Միաժամանակ, կարևորվել է մտավոր սեփականության ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացումն ու ապահովումը, ինչը Տակույա Հիրանոյի խոսքով, կարևոր նշանակություն ունի ՏՏ ոլորտի զարգացման գործում:
Տեղեկացվել է, որ ներկայում քննարկման փուլում է գտնվում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև հուշագրի ստորագրման նախագիծը՝ նոր կրթական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: