կիրակի, 5 մայիսի 2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ, դստեր և թոռնուհու հետ Երևանի ավագանիի ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ընտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Բոլոր ահազանգերն արձանագրվում են և իրավապահ մարմիններն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Որևէ օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնալու, եթե այդպիսիք լինեն»:
Վարչապետի խոսքով՝ իր ընտանիքը քվեարկության է եկել տոնական տրամադրությամբ: Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ ընտրությունները տոնական տրամադրության համար լավ միջոց են, որովհետև դրանց արդար և թափանցիկ անցկացումը ստեղծելու են այն հիմքերը, որոնց արդյունքում Երևանը կշարունակի կայուն կերպով զարգանալ: