երեքշաբթի, 7 մայիսի 2013
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների խորացմամբ և ամրապնդմամբ:
«Քաղաքական ասպարեզում մեր հարաբերությունները բնութագրվում են բարձր փոխըմբռնմամբ, ուստի անհրաժեշտ է սերտացնել և ընդլայնել կապերը նաև տնտեսական ոլորտում».- ասել է վարչապետը:
Այդ համատեքստում, զրուցակիցները կարևորել են Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների հաջող ավարտը:
Տիգրան Սարգսյանը հեռանկարային է համարել Ֆինլանդիայի հետ համագործակցությունը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Վարչապետը ֆիննական ընկերություններին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու և կապեր հաստատելու ՏՏ բնագավառում գործունեություն ծավալող տեղական և միջազգային ընկերություններին և զարգացման հեռանկարներին:
Այնուհետև դեսպանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Ֆինլանդիայի տնտեսության վիճակը և դրա զարգացման գործում իր երկրի փորձը: Քրիստեր Միխելսոնը նշել է, որ իր երկիրը պատրաստ է կիսվել այդ փորձով և նպաստել Հայաստանի զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵՄ-ի օժանդակությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և այլ հարցերի: