չորեքշաբթի, 8 մայիսի 2013
Նոր կառավարությունը գործի է լծվում
Այսօր` նոր կառավարության նիստից առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, նրանց շնորհավորել նշանակման առթիվ և հաջողություն մաղթել։ Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել մեծ վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` լուծելու երկրի առջև դրված ոչ դյուրին խնդիրները։
***
Կառավարության առաջին նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքը լրացնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սա քաղաքական դիրքորոշում է, որը հավանության է արժանացել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունում։ «Միևնույն ժամանակ սա նշանակում է, որ աշխատակազմի ղեկավարի վրա՝դրվող բեռն ավելանալու է, - հավելել է վարչապետը։ -Պարոն Գաբրիելյանը նաև համակարգելու է մի քանի ոլորտների, մասնավորապես կրթության, առողջապահության, կառավարման համակարգի ոլորտների բոլոր բարեփոխումները, որոնք ունեն միջգերատեսչական բնույթ և առնչվում են տարբեր նախարարությունների աշխատանքին։ Նաև սա բխում է այն գաղափարախոսությունից, որը ՀՀ նախագահը մի քանի անգամ հրապարակային հնչեցրել է` նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետների քանակը, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը, մանավանդ այն բնագավառներում, որտեղ խաչվում է մի քանի նախարարությունների գործունեությունը և անհրաժեշտություն կա համակարգված գործողությունների։ Ես նաև առաջարկում եմ, որպեսզի այս օրենսդրական նախաձեռնությունը համարենք անհետաձգելի»։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Նպատակը երկրադինամիկական մոնիթորինգի իրականացումն է
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտին թույլատրվել է ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. հունիս ամիսը։ Ինստիտուտը Թայվանի Սինիկա ակադեմիայի հետ ստորագրել է երկրաբանական հետազոտությունների անցկացման հուշագիր և մեկ տարով ներմուծել տեղորոշման սարքավորման ընդունիչներ, երկրադետիկ ալեհավաքներ և սեյսմոմետրեր, որոնց շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում։ Նշված սարքերով այժմ երկրադինամիկական մոնիթորինգ է իրականացվում։ Ակնկալվում է ավելի համապարփակ տեղեկություն ստանալ երկրակեղևի բլոկների բախման ընթացքում ձևավորվող լեռնագոյացման, մագմատիզմի, երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների վերաբերյալ։ Ոլորտում իրականացվող քաղաքականությունը միտված է Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը։ Մեկ այլ որոշմամբ մինչև 2013 թ. հոկտեմբերի 16-ը երկարաձգվել է «Ռետինե նորույթ» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը։ Որոշումը միտված է ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը։
Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարությունը մարզպետարանին է հատկացրել 200 մլն դրամ։ Հաջորդ որոշմամբ ՀՀ մարզերում իրականացվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և գնման պայմանագրերի կնքման արդյունքում տնտեսված գումարները վերաբաշխվել են` ուղղվելով առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանը։
Կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություն` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 3 մլն դրամ, որն անհրաժեշտ է կենտրոնի կառուցման փուլում ընկերության կառավարման ծախսն ապահովելու համար։
Մեկ այլ որոշմամբ նույնպես վերաբաշխում է կատարվել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` նախկին որոշումներից մեկի հավելվածներում և 3 մլն դրամ հատկացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` «Փյունիկ» հաշմանդամների միության կողմից ներկրված 500 հաշմանդամի սայլակները հավաքելու և միության միջոցով կարիքավոր անձանց իրենց բնակության հասցեներում տրամադրելու նպատակով։ Բաշխումը կատարվելու է ըստ նախարարի հաստատած ցուցակի։
Առողջապահական ՊՈԱԿ-ները նույնպես կհամալրվեն որակյալ մասնագետներով
ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որի համաձայն առողջապահական ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթներում երկուսից քիչ դիմող լինելու դեպքում այդ մրցույթը կհամարվի չկայացած և ընդհանուր հիմունքով կհայտարարվի նոր մրցույթ։ Այսպիսով, կազմակերպությունների գործադիր մարմինները որակյալ մասնագետներով կհամալրվեն մրցակցության հիման վրա, մրցույթները կանցկացվեն երկու և ավելի դիմողի դեպքում։
«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջից ելնելով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում` նպատակ ունենալով հստակեցնել և կարգավորել ընդերքօգտագործման ոլորտի իրավահարաբերությունները։
Կառավարության որոշմամբ մի շարք ՊՈԱԿ-ների թույլատրվել է իրենց միջոցների հաշվին մասնակցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությանը։ Նախաձեռնության հեղինակը նշված միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն է, ում իրենց հերթին անդամակցելու խնդրանքով դիմել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների տնօրեններ։ Դպրոց-կենտրոնների նպատակն է խթանել կրթական համակարգի զարգացումը։
Գործադիրը որոշել է Վանաձոր քաղաքի Աբովյան 64 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը, կաթսայատունը և օժանդակ շինությունը հանձնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղին, որը տարածաշրջանի` գյուղատնտեսական մասնագետներ պատրաստող միակ ուսումնական հաստատությունն է և տարեցտարի ավելացնում է իր ուսանողների թիվը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունը դրանով իսկ ֆիզիկական անձանց կողմից հարկվող գործարքների մասով հարկերի հաշվարկման, հաշվանցման և վճարման կարգերը համապատասխանեցրել է գործող օրենսդրությանը։
Ֆինանսավորվում են կրթական ծրագրերը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի և ուսումնական գրականության ապահովում և ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» և «Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում» ծրագրերի ֆինանսավորման չափերը,
- ՀՀ ԿԱ ոստիկանության «Քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,
- ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության «ՀՀ կառավարական կապի անվտանգության ապահովում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական, ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք ընդունելու դեպքում կբարձրանան դատական ակտերի հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը, կբարելավվեն դատական ծանուցումները, կկատարելագործվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը և այլն։ Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Գործադիրը համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն/բարձրագույն մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դիվանագետների ընտանիքի անդամների` վարձատրվող աշխատանքի թույլտվության համաձայնագրի կնքման առաջարկությունը։
Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ։ Դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամներ են, որոնք իրենց գանգատը ներկայացրել են 2006 թ. մարտի 31-ին։ Եվրոպական դատարանը վճռել է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է փոխհատուցվեր դիմումատուների ոչ նյութական վնասը, ինչը ժամանակին չի արվել։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Օգտվելով առիթից ուզում եմ մայիսի 9-ի` այս համազգային տոնի կապակցությամբ շնորհավորել մեր բոլոր քաղաքացիներին։ Համոզված եմ, որ Շուշիի ազատագրումով հայ ժողովրդի պատմության մեջ նոր էջ է բացվում, և կարծում եմ, որ առաջին հերթին մեր շնորհավորական խոսքը պետք է հղենք մեր ազատամարտիկներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել այս հաղթանակը»։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: