երկուշաբթի, 8 մարտի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն, գրոսմայստեր Բորիս Սպասկուն, որը Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված միջազգային մրցաշարին ներկա գտնվելու նպատակով այսօր մեկնելու է ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեծ պատիվ է համարել աշխարհահռչակ չեմպիոնի մասնակցությունը միջազգային մրցաշարին, ընդգծելով, որ այսօրինակ միջոցառումները և շախմատային աշխարհի հանրահայտ մարդկանց մասնակցությունը դրանց, մեծ ոգևորություն են հաղորդում ոչ միայն շախմատիստների նոր, երիտասարդ սերնդին, այլ ամբողջ շախմատասեր հասարակությանը: Հայաստանում հատկապես 60-ական թվականներին և նաև դրանից հետո, ըստ վարչապետի, այդ սպորտաձևը մեծ վերելք և լայն տարածում է ունեցել ու այսօր այդ ավանդույթները շարունակելու, զարգացնելու խնդիր կա: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը և ինքն անձամբ մինչ այժմ հնարավորինս աջակցել և այսուհետ էլ աջակցելու են մեր երկրում շախմատի զարգացմանը:
Բորիս Սպասկին ողջունելի համարելով այդ մոտեցումը՝ նշել է, որ նույնպիսի մղումով էլ ինքն է մասնակցում այնպիսի միջոցառումներին, ինչպիսին է Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված միջազգային մրցաշարը: Նա ավելացրել է, որ իր պարտքն է համարում հնարավորինս նպաստել, աջակցել երիտասարդ, խոստումնալից շախմատիստների զարգացմանը: