երկուշաբթի, 8 մարտի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը կանանց տոնի առթիվ
Սիրելի կանայք, շնորհավորում եմ բոլորիդ ձեր այս գարնանային գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում` անսահման սեր ու երջանկություն ձեզ ու ձեր ընտանիքներին: Անուրանալի և չափազանց մեծ է ձեր ավանդը պետության ու նրա հիմքը հանդիսացող ընտանիքների ամրության, պետության արժանի քաղաքացիների դաստիարակության գործում: Դուք ձեր նվիրվածությամբ, անսպառ բարությամբ, հոգատարությամբ, ծով համբերությամբ ու սիրով ամենադժվարին իրավիճակներում մշտապես աջակից ու զորավիգ եք եղել ե՛ւ ձեր ընտանիքներին, ե՛ւ մեր պետությանը: Այսօր էլ նույնն եք շարունակում, այդ ամենի հետ միասին աստիճանաբար մեծացնելով ձեր ընդգրկվածությունը պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, հասարակական-քաղաքական կյանքում, և դա ողջունելի է:
Սիրելի կանայք, ձեր անանց հմայքի հետ միասին եղեք առողջ ու երջանիկ: Տոնական տրամադրություն եմ մաղթում բոլորիդ: