երեքշաբթի, 9 մարտի 2004
Այսօր ՀՀ կառավարությունում Արձանագրություն է ստորագրվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին» 1997թ. օգոստոսի 29-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այն ստորագրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից՝ մեր երկրում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը: Արձանագրության մեջ նշվում է, որ երկու երկրների կառավարությունները գիտակցելով կամավոր վերաբնակեցման կարգավորման կարևորությունը և վերաբնակների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև փոխգործակցությունը նշված ոլորտում, միաժամանակ հաշվի առնելով, որ 1997թ. օգոստոսի 29-ի վերոհիշյալ համաձայնագրի ժամկետը մինչև 2004թ. մարտի 4-ն է, համաձայնել են փաստաթղթի գործողության ժամկետը երկարաձգել 5 տարով:
Ստորագրման արարողությանը մասնակցող կողմերը երկուստեք կարևորել են համաձայնագրի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը: Դեսպան Դրյուկովն ընդգծել է, որ նախորդ 5 տարվա ընթացքում կամավոր վերաբնակեցման գործընթացի այսպիսի կարգավորումն ապացուցել է իր կենսունակությունը և հույժ կարևորությունը: ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը ևս նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստավոր պայմաններ ստեղծել ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի տարածքում ապրող այդ երկրների քաղաքացիների կամավոր վերաբնակեցման համար: Ըստ նրա, դա հատկապես կարևոր է այժմ, երբ Հայաստան վերադարձողների հոսք է արձանագրվում, և հիշյալ փաստաթուղթը կարող է խթանել դեպի ՀՀ մեր քաղաքացիների մշտական վերաբնակեցումը: Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, հաջորդ շաբաթ պատվիրակություն կմեկնի ՌԴ, որպեսզի այդ երկրում գտնվող մեր հայրենակիցներին, տեղում կազմակերպվելիք հանդիպումների ընթացքում, հանգամանորեն իրազեկի համաձայնագրով իրենց համար նախատեսված նպաստավոր պայմանների մասին: Նախատեսված են հանդիպումներ ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատանը, հյուպատոսություններում, հայ համայնքի և եկեղեցու հետ: