շաբաթ, 1 հունիսի 2013
Քննարկվել է հայ-քուվեյթական համագործակցության խորացման հարցերի լայն շրջանակ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունների ամրապնդմանը և ընդլայնմանը: Համոզված եմ, որ ձեր պատվիրակության այցը նոր թափ է հաղորդելու երկկողմ կապերի զարգացմանը», - հյուրերին ուղղված ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է պատվիրակության անդամներին և ընդգծել, որ այցի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների հարաբերությունները:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել կրթության և մշակույթի ոլորտներում ծավալված գործակցության ընթացքից (մշակույթի օրերի անցկացում Քուվեյթում և Հայաստանում, կրթաթոշակների տրամադրում հայ ուսանողներին` Քուվեյթում ուսանելու համար), ինչպես նաև ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Սիրիայից տարհանված և Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին Քուվեյթի Պետության կողմից ցուցաբերվող նյութական օժանդակության համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Երկուստեք առաջնային է համարվել օդային ուղիղ հաղորդակցության ստեղծումը, և վարչապետը նշել է, որ այդ հարցը կներառվի միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգ:
Տիգրան Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները և անդրադարձել համագործակցության հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին` գյուղատնտեսական ապրանքների արտահանում, հանքահումքային և քիմիական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, ֆինանսական համակարգ, առողջապահական զբոսաշրջություն: Ներկայացված տեղեկատվությանն ի պատասխան Քուվեյթի ԱԺ նախագահը նպատակահարմար է համարել քուվեյթյան գործարարների պատվիրակության այցը մեր երկիր` ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հեռանկարային ծրագրերը քննարկելու նպատակով:
Պատվիրակության անդամները վարչապետից հետաքրքրվել են Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար գործող օրենսդրական և հարկային դաշտի մանրամասներով: Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի «Doing Business» ինդեքսով աշխարհի 184 երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է 32-րդ տեղը, ինչը վկայում է մեր երկրում բարենպաստ բիզնես միջավայրի և լիբերալ հարկային դաշտի առկայության մասին: Նա հավելել է, որ «Զարգացման հայկական գործակալությունը» Քուվեյթի պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի Հայաստանում արտասահմանյան ներդրողների համար գործող օրենսդրության և հարկային արտոնությունների վերաբերյալ
Վարչապետն իր ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերն է փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահին: Իր հերթին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդը վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրել է Քուվեյթ: