չորեքշաբթի, 10 մարտի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլուն, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ իր գործունեության ընթացքում մշտական աջակցություն ցուցաբերելու և ակտիվ համագործակցության համար: Նա հույս է հայտնել, որ Սամցխե Ջավախեթի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի՝ իր նոր պաշտոնում ևս հետագա գործունեությամբ հնարավորինս կնպաստի երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացմանն ու համագործակցության զարգացմանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է պարոն Նիկոլոզիշվիլուն նոր նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու տարիներին լավագույնս տեղյակ լինելով մեր երկրի մոտեցումներին ու առկա հնարավորություններին, նա կկարողանա դրանք ծառայեցնել երկու երկրների համար կարևոր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ու հայ և վրաց ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես մեծ հետաքրքրությամբ է հետևել Ջավախքում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստակամություն հայտնել աջակցել Վրաստանի իշխանություններին՝ այդ տարածաշրջանում բնակվող մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում: Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին վստահեցրել է ՀՀ վարչապետին, որ եթե Հայաստանի աջակցությամբ կգտնվեն Ջավախքում ներդրումներ անելու ցանկություն ունեցող գործարարներ, իր պետությունը կխրախուսի և այդ ներդրումների պաշտպանվածության երաշխավոր կդառնա:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ մեր երկրում Վրաստանի հաջորդ դեսպանը նույնպիսի ջանադրությամբ կշարունակի գործել հանուն հայ և վրաց ժողովուրդների բարեկամության և երկու պետությունների հարաբերությունների սերտացման, որքան պարոն Նիկոլոզիշվիլին: Զրուցակիցները կարևորել են նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրերս նախատեսված այցը Հայաստան, որը, ըստ նրանց, լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում: