չորեքշաբթի, 10 մարտի 2004
Այսօր ՀՀ կառավարությունում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի իսլամական հանրապետության Արդաբիլի նահանգապետարանի պատվիրակությանը՝ նահանգապետի տեղակալ Նաջաֆի Ազարի գլխավորությամբ: Նկատի առնելով, որ Արդաբիլի նահանգը աչքի է ընկնում առավելապես զարգացած գյուղատնտեսությամբ, կարևորվել է այդ բնագավառում մեր երկրի և նրա առանձին մարզերի հետ համագործակցությունը: Նշվել է, որ այդպիսի համագործակցության լավ օրինակ արդեն իսկ կա Իրանի իսլամական հանրապետության սահմանամերձ Ատրպատականի նահանգի հետ, որը հիմնականում արդյունաբերության և առևտրի ոլորտում է, ուստի գյուղատնտեսության բնագավառում Արդաբիլի հետ ակտիվ փոխգործակցությունը մեծապես կնպաստի այդ բնագավառում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը և փոխշահավետ ծրագրերի իրագործմանը:
Արդաբիլի նահանգապետարանի պատվիրակության անդամները տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պարարտանյութի, տնկիների, սերմերի տրամադրման, անասնաբուծության բնագավառում և գիտական ձեռքբերումների փոխանակման ոլորտում համագործակցության խնդիրներ և կարծում են, որ այդ առումով երկուստեք բավականին անելիքներ կան: