երկուշաբթի, 17 հունիսի 2013
Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխգործակցության ամրապնդման քայլերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին: Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Մենք կարևորում ենք երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում: Ձեր այցը Հայաստան լրացուցիչ քայլ է երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդման գործում»:
Անդրադառնալով արդարադատության բնագավառում փոխգործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը և մի շարք դրույթների հստակեցումը:
Վրաստանի արդարադատության նախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ կատարվող գործընթացը, ինչպես նաև հարևան երկրում տարբեր ոլորտներում առկա վիճակը:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը Թեա Ցուլուկիանիին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: