շաբաթ, 29 հունիսի 2013
Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու կառուցվածքը, անդրադարձել մեր երկրի առջև ծառացած խնդիրներին, հարկային, մաքսային ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ստվերի կրճատմանը և այլն:
Այդ առումով, վարչապետը նշել է, որ առաջին հերթին քայլեր են ձեռնարկվում խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ և վերահսկելի դարձնելու համար: «Ընդ որում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական մարմիններին, այլև հասարակությանը: Մենք տպագրում ենք խոշոր ձեռնարկությունների կողմից վճարված հարկերը և հանրությունը կարողանում է վերահսկել նրանց: Այսուհետ, ՀՀ-ում հինգ մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններն աուդիտորական եզրակացությամբ: Այդ ուղղությամբ առաջին քայլերն ենք դեռևս անում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ոլորտն ամբողջութամբ կանոնակարգելու համար դեռևս պետք է ներդնել օրենսդրական նոր մեխանիզմներ:
Վարչապետը նշել է, որ կառավարության հաջորդ կարևորագույն խնդիրը բիզնեսի և քաղաքականության տարանջատումն է: «Այստեղ էլ առաջին քայլերն ենք ձեռնարկել՝ պարտադրելով ՀՀ 500 բարձրաստիճան պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց ներկայացնել իրենց ունեցվածքի և եկամուտների մասին հայտարարգրեր, դրանք դարձնել հրապարակային, որոնց հանրությունը նույնպես կարող է ծանոթանալ: Այսպիսի միջոցառումներով փուլ առ փուլ փորձում ենք քաղաքական գործիչների և խոշոր բիզնեսի գործունեությունը դարձնել հրապարակային, ստեղծել զսպող մեխանիզմներ, որպեսզի քաղաքական գործիչներն իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն անձնական շահերի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերի և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին:
«Էրնսթ ընդ Յանգ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2008 թվականից: Այն հայաստանյան հաճախորդներին առաջարկում է ընկերության կողմից համաշխարհային շուկայում մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը, այն է՝ աուդիտորական, հարկային և իրավաբանական, գործարքների ուղեկցման և խորհրդատվական ծառայություններ: Երևանյան գրասենյակում աշխատում է 40 մասնագետ: Ամբողջ աշխարհում ընկերությունն ունի 167 հազար բազմազգ աշխատակիցներ: