չորեքշաբթի, 17 մարտի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Սոլոմոն Պասիի գլխավորած պատվիրակությանը: ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցը տարածաշրջանային է և նպատակ ունի ծանոթանալ տարածաշրջանի խնդիրներին ու հակամարտությունների կարգավորման վերջին զարգացումներին: Վարչապետը հույս է հայտնել, որ այցն իր դրական ազդեցությունը կունենա տարածաշրջանում առկա խնդիրների լուծման վրա՝ նպաստելով խաղաղության և կայունության հաստատմանն ու տնտեսական զարգացմանը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է հանդիսանում եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրացիայի ուղղությունը, և մեր երկիրը 1992թ. ի վեր անդամակցելով ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին, ձգտում է այս կազմակերպության համապարփակ անվտանգության հայեցակարգի միջոցով նպաստել եվրոպական անվտանգության ամրապնդման գործին՝ անվտանգության մարդկային, ռազմական, քաղաքական և տնտեսական հարթություններում: Հայաստանի համար, ըստ վարչապետի, ԵԱՀԿ-ի հետ առընչությունները նախևառաջ կարևորվում են ԼՂՀ խաղաղ կարգավորման, կովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման անհրաժեշտության տեսանկյունից: Նա նշել է, որ մեր երկիրը կողմ է բանակցային գործընթացի շարունակմանը և հանդես է գալիս կառուցողական դիրքերից, գտնելով, որ կարգավորման գործընթացին մեծապես կնպաստի բոլոր կողմերի միջև առանց նախապայմանների համագործակցության ծրագրերի իրագործումը: Դրա արդյունքը կարող են լինել թե՛ վստահության ամրապնդմանը, թե՛ այն առարկայական ուղղակի օգուտները, որոնք տեսանելի կլինեն տարածաշրջանի երկրների հանրություններին: Ըստ վարչապետի, Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ այլ հնարավոր եղանակներով, երկկողմ ուղղակի շփումների միջոցով:
Առանց նախապայմանների և կանխակալ մոտեցումների փոխգործակցությունը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ հարաբերություններում, ընդգծելուվ, որ իբրև երկու հարևան ժողովուրդներ, մենք շարունակելու ենք ապրել կողք-կողքի, և որքան շուտ հանգուցալուծվեն առկա խնդիրները, որքան շուտ բարի կամք դրսևորվի դրա համար, այնքան կշահենք երկուստեք: Այս պարզ ճշմարտությունը, սակայն, ըստ վարչապետի, Թուրքիան դեռևս չի ուզում ընդունել: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այս ամենը նկատի առնելով, մեր երկիրը դեմ է 2007թ. Թուրքիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելուն, և այդ դիրքորոշումը կարող է փոփոխվել միայն այն պարագայում, եթե Թուրքիան լիարժեք դիավանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ ու բացի իր սահմանները: Հանդիպման ընթացքում վարչապետը նաև մեր երկրի կողմից լուրջ ափսոսանք է հայտնել, որ Գործող նախագահը և Մշտական խորհրդի նախագահը չդատապարտեցին Բուդապեշտում կատարված հանցագործությունը: Նման քայլը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, ավելի քան տեղին կլիներ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը՝ արդարացնելու իրենց զինվորականի արգահատելի արարքը:
Վարչապետը գոհունակությամբ է նշել ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի արդյունավետ համագործակցությունը, իբրև օրինակ նշելով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ընթացքում սերտ փոխգործակցությունը: Նա կարևորել է նաև ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ուղղված գործակցության ջանքերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օրենսդրության մեջ լրացուցիչ բարեփոխումների անհրաժեշտությանը, մարդու իրավունքների և ժողովրդավարության, մամուլի ազատության և մի շարք այլ հարցերի ևս: Հյուրի խնդրանքով, ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսական քաղաքականությունը, առաջնահերթություններն ու վերջին տարիների տնտեսական ցուցանիշները:
ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար պարոն Սոլոմոն Պասին իր տարածաշրջանային այցի ավարտին եկել է եզրակացության, որ առկա բոլոր խնդիրների լուծման լավագույն ճանապարհը՝ երկխոսությունն է ու երկկողմ հանդիպումներ, քննարկումները, որոնք ԵԱՀԿ-ն, ըստ նրա, քաջալերելու է: Պարոն Պասին մեծապես կարևորել է առանց նախապայմանների համագործակցություն սկսելու՝ Հայաստանի դիրքորոշումը և նշել, թե ԵԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմաններում կօժանդակի այդ մոտեցման կիրառմանը:
Հանդիպման ավարտին Սոլոմոն Պասին ՀՀ վարչապետին է փոխանցել Բուլղարիայի վարչապետի ողջույններն ու բարեմաղթանքները և իր երկրի կողմից ևս վերոհիշյալ հարցերի լուծման գործում պատրաստակամություն հայտնել: