հինգշաբթի, 18 մարտի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից, համապատասխանաբար 145 մլն 350 հազար և 170 մլն դրամ է հատկացրել ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարաններին և ևս 43 մլն դրամ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետությունում 2003թ. սկսված և 2004թ. ավարտվող առաջնահերթ օբյեկտների շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Դրանք բնակելի տներ են, որոնց շինարարությունը այս տարի կավարտվի, առանձին շենքերի շինարարություն, ինչպես նաև ամրացման աշխատնքներ, մարզաառողջարանային համալիր, Գյումրի քաղաքի փախստակնների համար նորվեգացիների կողմից կառուցվող բնակելի թաղամասի ինժեներական ենթակառուցվածքների և բարեկարգման աշխատանքների իրականցում:
Մեկ այլ որոշմամբ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը սահմանել է, որ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, յուրաքանչյուր կիսամյակի համար, մինչև օգոստոսի 25-ը և փետրվարի 25-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալներ պարունակող տեղեկանք, իսկ մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը ներկայացնում է նաև նախորդ տարվա համար տեղեկանք: Այդ ֆինանսական և վիճակագրական տվյալները ներառում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների գոյացման աղբյուրներին և ծախսերին, կենսաթոշակառուների ընդհանուր թվին, նրանց վճարվող գումարին, կենսաթոշակի տեսակներին, ապահովագրական ստաժի տարիներին, կենսաթոշակի միջին չափին վերաբերող և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների նախանշման և կենսաթոշակային ապահովության ոլորտի քաղաքականության մշակման համար: Որոշմամբ հաստատվել են նաև ներկայացվող տվյալների մասին տեղեկանքների ձևերը:
Կառավարության անդամները հավանություն են տվել անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: Նշվել է, որ որոշմամբ նախատեսված առաջին փուլում ապահովվել են համակարգի գործունեության համար անհրաժեշտ ձևաթղթերի մշակումը, դրանք լրացնելու և հիմնադրամի տարածքային կենտրոն ներկայացնելու ընթացակարգերը: Հաշվի առնելով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ( ՍԱՊՀ) Կենտրոն-1 և Մաշտոց տարածքային կենտրոններում կատարված աշխատանքների արդյունքները, առաջարկվել է անհատական հաշվառման համակարգը ներդնել ՀՀ ՍԱՊՀ Երևան քաղաքի տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող տարածքներում, իսկ համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայության դեպքում՝ նաև ՀՀ մարզերում:
Գործադիրը հավանություն է տվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքի նպատակը էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, որն ուղղված է ՀՀ տնտեսական և էներգետիկ անկախության ու անվտանգության ամրապնդմանը, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, ոլորտի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:
Գործադիրը իր պահուստային ֆոնդից ևս 36 մլն դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման համար: Որոշումն ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Օրակարգում ընդգրկված հարցերից կառավարությունը սահմանել է նաև հիդրօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը, որում նշված են ուժեղ քամիները, մրրկասյունը, հորդառատ անձրևները, ուժեղ մառախուղը և այլն: «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, սպառողին անհատույց տրամադրվող նշված տեղեկատվությունը կնպաստի վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական երևույթներից տնտեսության և բնակչության կյանքի ու սեփականության վտանգի կանխատեսմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիտորինգի իրականացմանն ու հիդրոօդերևութաբանական արտակարգ իրավիճակների բացահայտմանը նպատակաուղղված ծրագրերի կատարմանը:
Նիստում կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման վերաբերյալ ուսումնասիրություն» ծրագրի իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև ստորագրված համաձայնագիրը («Աշխատանքների շրջանակը»): Որոշման ընդունումը պայմանավորված է Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող մեծածավալ և բարդ հետազոտությունների անխափան իրականացման համար ՀՀ կառավարության կողմից համապատասխան միջոցառումների ապահովման անհրաժեշտությամբ:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված մի շարք համայնքների գլխավոր հատակագծերի մշակման ցանկը:
ՀՀ հողային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման համաձայն, կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաքապետին՝ առանց մրցույթի, վարձակալությամբ «Հայռուսգազարդ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներին հողամաս տրամադրել: Որոշման ընդունումը պայմանավորված է հիշյալ ընկերություններին Երևանի ջերմամատակարարող կազմակերպության պարտքի մարման անհրաժեշտությամբ, որը գոյացել է բնակչության կողմից ջեռուցման վարձի թերվճարումների արդյունքում:
Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի «Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի մասին» N 2023-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի սեյսմազինվածությանն ուղղված լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտության, շինարարական աշխատանքների ծավալների աճի, ինչպես նաև շինարարական աշխատանքների և շինանյութերի շուկայական գների բարձրացման հանգամանքներով: Որոշմամբ՝ նշված անավարտ շինարարության օբյեկտի կառուցման և շահագործման հանձնելու աշխատանքների նախահաշվային արժեքը հաստատվել է 5 մլն 205 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Որոշման համաձայն, հիշյալ անավարտ օբյեկտից, որպես փոխհատուցում, «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված 1845 քմ մակերեսը հետ է վերադարձվում Երևանի քաղաքապետարանին: Օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար առաջարկվում է որպես փոխհատուցում «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին ի սեփականություն տրամադրել Երևանի Աթենքի փողոցին հարող տարածքից 5 հեկտար մակերեսով քաղաքաշինական ընդհնուր նշանակության հողամաս, 1 քառ. մետրը ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկմամբ՝ 40 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գնահատումով:
Լրացում կատարելով ՀՀ կառավարության 1997թ. մայիսի 29-ի «ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշման մեջ, գործադիրն այդ ցանկը լրացրել է «Հանրային կառավարում՝ պետական կառավարում, մունիցիպալ կառավարում (մագիստրոսի որակավորում)» մասնագիտությամբ: Որոշումն ընդունվել է նկատի ունենալով, որ երկրում ձևավորվում և զարգանում են հանրային ծառայության իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը, սակայն ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում նշված բնագավառը սպասարկող մասնագիտությունը բացակայում է:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին», ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը իր պահուստային ֆոնդից 19 մլն 827 հազար 920 դրամ է հատկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների 2003թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդից վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար: Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերոհիշյալ անձինք այդ ժամանակ անվճար տրանսպորտից չեն օգտվել, և 2003թ. պետբյուջեից նշված նպատակի համար միջոցներ չեն հատկացվել:
Առանձին որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության, ինչպես նաև ՀՀ կառավարության և Բահրեյնի Թագավորության կառավարության միջև «Կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: