երեքշաբթի, 23 մարտի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ նախարարների և գերատեսչությունների ղեկավարների մարզեր կատարած այցերի արդյունքների միջանկյալ ամփոփման, ինչպես նաև «Գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքների վերացման անհետաձգելի միջոցառումների մասին» կառավարության մարտի 11-ի որոշման կատարման ընթացքն ու լրացուցիչ միջոցառումների ֆինանսավորման անհարժեշտության դեպքում՝ կառավարության առաջիկա նիստի համար որոշման նախագծերի նախապատրաստման հարցերը քննարկելու նպատակով: Վարչապետը նշել է, որ արդյունքների վերջնական ամփոփումը կկատարվի ըստ հաստատված ժամանակացույցի հանրապետության մարզեր այցերն ավարտելուց հետո:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի, գյուղատնտեսության, ջրային տնտեսության, արտակարգ իրավիճակների, անշարժ գույքի կադաստրի և այլ ոլորտները տնօրինող նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են այցերի ընթացքում առանձին մարզերում ու համայնքներում բնակչության կողմից բարձրացված խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ մինչ այժմ կատարված և նախատեսվող աշխատանքները:
Վարչապետին, ըստ առանձին ոլորտների, զեկուցվել է կառավարության որոշմամբ ամրագրված միջոցառումների կատարման ընթացքը, պետության տրամադրած աջակցության արդյունքում տեղերում լուծված խնդիրները: Նշվել է, որ ընդհանուր առմամբ, աշխատանքներն ընթանում են սահմանված առաջնահերթությունների համաձայն և հրատապ լուծում պահանջող բավականին խնդիրներ լուծվել են: Մի քանի միջոցառումների կատարման վիճակից, սակայն, վարչապետն իր դժգոհությունն է հայտնել, նշելով, որ պատկան մարմինները՝ ե՛ւ հանրապետական, ե՛ւ տարածքային ու տեղական ինքնակառավարման մակարդակում անհրաժեշտ օպերատիվությամբ, հետևողականությամբ չեն գործում, ժամանակին չեն իրականացնում պետության կողմից նախատեսված և ֆինանսավորված աշխատանքները, ինչը բնակչության մոտ անհարկի դժգոհության առիթ է դառնում: Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նաև մարզերում և առանձին համայնքներում այսօր իրականացվող ու պետական ծրագրերով որոշակի ժամկետներում նախատեսված միջոցառումների մասին բանակչության ոչ բավարար իրազեկվածությունը: Այս և խորհրդակցության ընթացքում բարձրացված մի շարք այլ հարցերի վերաբերյալ վարչապետը հանձնարարկաններ է տվել՝ նշելով, որ նախարարների և գերատեսչությունների ղեկավարների այցերը մարզեր շարունակվելու են նաև առաջիկայում ու հաջորդ այցի ընթացքում նրանք արդեն իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետու են լինելու համայնքների բնակչությանը. «Նախարարների այցերի ընթացքում բարձրացված հիմնախնդիրների մեծ մասը, իհարկե, մեզ հայտնի են, նշված են կառավարության միջոցառումների տարեկան ծրագրերում, բայց խնդիրն այն է, որ ժողովրդին հստակորեն ասենք, թե ո՛ր հարցերն են լուծվելու հենց ա՛յս տարի և որոնք հաջորդ կամ հետագա տարիներին»,-ասել է Անդրանիկ Մարգարյանը: Նա միաժամանակ ընդգծել է, որ այցերի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը լինելու է նաև ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: