չորեքշաբթի, 31 հուլիսի 2013
Հանրապետության վարչապետն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:
Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզի Աղավնատուն և Սարդարապատ համայնքներից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել վերանորոգված բժշկական ամբուլատորիաների բացման հանդիսավոր արարողությանը:
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է վերակառուցված շենքերի պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարծիքը և շնորհակալական խոսքերը: 2006թ. «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում Աղավնատան և Հոկտեմբերի ամբուլատորիաները հագեցվել էին առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Սակայն դեռևս խորհրդային տարիներին կառուցված երկու ամբուլատորիաների շենքերը գտնվում էին անբարեկարգ վիճակում. չէին գործում ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգերը, վնասված էին տանիքը և հատակը: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախաձեռնված նոր շենքերի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2012 թ., ավարտին հասցվել 2013 թ. հունիսին: Արդյունքում Աղավնատուն համայնքում կատարվել է շուրջ 53.8 մլն ՀՀ դրամի ներդրում (49.5 մլն ՀՀ դրամ` շինարարություն, 4.3 մլն ՀՀ դրամ` բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ), Սարդարապատ համայնքում` շուրջ 56 մլն ՀՀ դրամի ներդրում (51.7 մլն ՀՀ դրամ` շինարարություն, 4.3 մլն ՀՀ դրամ` բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ): Աղավնատան ամբուլատորիան սպասարկում է Աղավնատուն, Ամբերդ, Դողս և Լեռնամերձ համայնքների շուրջ 6167, Հոկտեմբերի ամբուլատորիան` Սարդարապատ համայնքի շուրջ 5300 բնակչի:
2012 թ. Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղի բնակիչները կառավարության ղեկավարին էին դիմել դպրոցի մասնաշենքերից մեկի վերանորոգման խնդրանքով, ինչին վարչապետը դրական էր արձագանքել և համապատասխան հանձնարարականներ տվել:
Վանանդ համայնքի դպրոցի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների արդյունքին ծանոթանալու նպատակով Տիգրան Սարգսյանը Սարդարապատ համայնքից մեկնել է Վանանդ համայնք: Շրջայցի ընթացքում հանրապետության վարչապետին ծանոթացրել են շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված պայմաններին և հարմարություններին: 105 մլն 976474 ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում, ինչպես նաև գյուղապետարանի և «Վարդանանց Ասպետներ» կազմակերպության կողմից կատարված 11 մլն 995633 մլն ՀՀ դրամին համարժեք ներդրման արդյունքում շենքն ամբողջովին հիմնանորոգվել է և այսուհետ կծառայի որպես մանկապարտեզ: Շենքի տանիքի ծածկը փոխարինվել է ցինկապատ թիթեղով, վերանորոգվել են ջրահեռացման, սանհանգուցային համակարգերը և հատակները, իրականացվել են ներքին ու արտաքին ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջեռուցման և հակահրդեհային համակարգերի վերակառուցման աշխատանքներ: 2012 թ. հիմնանորոգվել է նաև դպրոցի առաջին մասնաշենքը, որի արժեքը կազմել է 70 մլն ՀՀ դրամ: Համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին և խնդրել ֆինանսական աջակցություն տրամադրել նաև դպրոցի մարզադահլիճի վերանորոգման հարցում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմել ծախսերի նախահաշիվ և ներկայացնել քննարկման:
Վարչապետի այցի վերջին կանգառը մրգերի, բանջարեղենի վերամշակման, բնական հյութերի ու պահածոների արտադրությամբ զբաղվող «Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերությունն էր: «Եվրոթերմ» ՓԲԸ-ն, օգտվելով ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 17-ի որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից, մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղի 140 հա տարածքում կառուցել է գյուղմթերքների վերամշակման արդի գործարան` ներդնելով շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար:
Տիգրան Սարգսյանին են ներկայացվել ընկերության արտադրական հնարավորությունները, մթերման առաջին փուլի արդյունքները և հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները: Նշվել է, որ ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս վերամշակել օրական մոտ 350 տ միրգ և բանջարեղեն, արտադրել օրական 150 տ մրգային խտահյութ:
«Եվրոթերմ» ընկերությունն ունի արտահանման ուղղվածություն. հյութերի և նեկտարների արտահանման ծավալը կազմում է իրացման ծավալի մոտ 50 տոկոսը, մուրաբաների և պահածոների` 80-90 տոկոսը, խտանյութի` 95 տոկոսը: 2013 թ. առաջին կիսամյակում ընկերության թողարկած արտադրանքի ծավալը կազմել է 1.75 մլրդ ՀՀ դրամ` 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49.7 տոկոսով, իրացվել է 1.45 մլրդ ՀՀ դրամի արտադրանք, որից արտահանումը` 0.78 մլրդ ՀՀ դրամ: Արտադրանքն իրացվում է «Նոյան», «Մենք», «Ֆիեստա» և «Ալպենջուս» ապրանքանիշերով: Ընկերությունում աշխատում է 230 մարդ, միջին աշխատավարձը`140 հազար ՀՀ դրամ: