չորեքշաբթի, 24 մարտի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիտիեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիություն-Հայաստան համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մեր երկրի անդամակցությունը Եվրախորհրդին և ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը հույս են ներշնչում, որ Հայաստանը կկարողանա հաջողությամբ իրականացնել եվրոպական ընտանիքին և եվրոպական արժեքային համակարգին ինտեգրվելու այն գլխավոր խնդիրը, որ իր առջև դրել է անկախացումից ի վեր: ըստ վարչապետի, Եվրոպական երկրների հետ այսօր էլ հաջողությամբ զարգացող տնտեսական համագործակցության հետագա խորացմանը, ինչպես նաև մեր երկրում ընթացող տնտեսական բարեփոխումներին աջակցելու Եվրամիության ջանքերը ցույց են տալիս, որ մեր նպատակները միանգամայն իրատեսական են:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Հեյկի Թալվիտիեն նշել է, որ Եվրամիության երկրները ներկայումս քննարկում են «Առավել ընդարձակ Եվրոպա. նոր հարևանություն» նախաձեռնությունը և Հարավային Կովկասը այդ նախաձեռնության շրջանակներում ընդգրկելու հնարավորությունը: Հույս հայտնելով, որ այդ գործընթացը դրական արդյունքներ կունենա, դեսպանը խնդրի լուծման համար կարևոր է համարել տարածաշրջանային համագործակցության զարգացումը, տարածաշրջանի և եվրոպական երկրների միջև տնտեսական կապերի խթանումը, առկա հակամարտությունների՝ մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ընդգծելով, որ պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում, աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների, տնտեսական հարաբերություններ հաստատելու և զարգացնելու տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ինչը հետագայում հիմք կհանդիսանա հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու, սահմանադրական բարեփոխումների իրականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների: