հինգշաբթի, 29 օգոստոսի 2013
Կառավարությունը հնարավորություն կստանա զսպել ուսման վարձի աճը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ կրթության և գիտության նախարարության որդեգրած ռազմավարության շրջանակում առաջարկվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը, այն է` առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության առաջարկի ֆինանսավորման ձևին զուգահեռ աստիճանաբար ներդնել բարձրագույն կրթության պահանջարկի ֆինանսավորման ձևը` առավել հասցեական և արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը: Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Փաստորեն այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք իրականացնում ենք մեր նախընտրական խոստումը, ինչպես նաև կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը, այն է` կառավարությունը գործիք է ունենալու, որպեսզի սահմանի ուսման վճարի վերին շեմ։ Այսօր այդպիսի հնարավորություն մենք չունենք, բայց մեր նախընտրական խոստումը հիմնվում էր նաև միջազգային փորձի վրա, քանի որ բազմաթիվ երկրներ ունեն այդ գործիքը: Քանի որ սա սոցիալական լուրջ խնդիրներից է, պետությունները սովորաբար կիրառում են այս գործիքը, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի, որ կառավարությունը կարող է զսպել ուսման վարձի աճը և կարող է միջամտել, եթե տեսնի, որ ուսման վարձը բարձրացվում է անհիմն ձևով և չի համապատասխանում շուկայական այն գնին, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Օրենքի ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն կունենա համապատասխան որոշումներով այս դաշտը կանոնակարգել և հստակ ազդակներ հաղորդել նաև բուհերին, թե նրանց գնագոյացման ռազմավարությունն ինչպիսին պետք է լինի: Մենք կկարողանանք պատասխանել նաև հանրությանը մտահոգող այն հարցին, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը ուսման վարձի վերաբերյալ։ Դրա համար կարծում եմ, որ սա արդիական որոշում է»:
Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները:
Կենսաթոշակի վճարումը կարգավորվել է
Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները` կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան գործող օրենսդրությունը համապատասխանեցնել առկա իրողություններին` ապահովելով այն կենսաթոշակառուների իրավունքների իրականացումը, ովքեր կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են դիմել մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություն չկա): Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է մամուլի միջոցով կենսաթոշակառուներին տեղեկացնել, թե ինչ աշխատանք է կատարվել վերջին ամիսներին, որպեսզի թոշակի ուշացում այլևս չլինի:
Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների, ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնելու կարգը, որով նախատեսվում է այդ տեղեկությունները փոխանակել առցանց, ինչն էապես կհեշտացնի դրանց ստացումը և ավտոմատ մշակումը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության կայքում ևս ստեղծվել է հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն և հարկ վճարողներին կոչ արել օգտվել այդ բացառիկ հնարավորությունից:
ՀՀ կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի իրականացման համար հատկացրել է մոտ 49 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված 2013 թ. ծրագիրը հաստատելու ավելի վաղ ընդունած որոշման մեջ: ՀՀ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործումն ու ծրագրային ցուցանիշների կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրամաշնորհների հատկացման պայմանագրեր կնքել կառավարության հիմնադրած տնտեսվարող սուբյեկտների հետ: Որոշմամբ ձեռնարկվել են ծրագրային միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները հստակեցնելու քայլեր:
Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք փաստաթղթերի, պայմանագրերի, նամակների, որոնց նախագծերը քննարկվել են ՀՀ միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ: Դրանք ՀՀ կողմից ստորագրելու նպատակով համապատասխան լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Իր նիստում կառավարությունը փոփոխել և լրացրել է ՀՀ օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության` նախկին որոշումներից մեկով հաստատած կարգը, որով հստակեցվում է տեսահսկման սարքավորումների կիրառման ընթացքը և հնարավորություն ընձեռվում ավելի հուսալի դարձնել օդանավերի և օբյեկտների պահպանությունը:
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը սահմանել է, որ այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչված ծառայողների թվաքանակը ՀՀ ՊՆ յուրաքանչյուր զորամասում չի կարող գերազանցել տվյալ զորամասի զինծառայողների ընդհանուր թվաքանակի երեք տոկոսը:
Կվերացվեն օրենքով ամրագրված ձևակերպումների տարընթերցումները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, հաշվի առնելով հասարակության և Հայ առաքելական եկեղեցու մտահոգությունը, օրենքից հանել «գենդեր», «գենդերային» և համանման այլ հասկացությունները: Սույն օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սակայն, ըստ կառավարության եզրակացության, խնդրին առավել համապարփակ լուծում կտա արդեն իսկ հավանության արժանացած օրինագիծը, ուստի գործադիրը դեմ է արտահայտվել պատգամավորի առաջարկին:
Կառավարությունը քննարկել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ, նպատակ, որին կառավարությունը մտադիր է հասնել աստիճանաբար, առաջիկա տարիների ընթացքում, և դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը:
Կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքների նախագծերը:
Վերը նշված օրինագծերը և կառավարության որոշումները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՊԿ ակադեմիային շենք է տրամադրվում
ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը, որի գործունեությունն աշակերտների թվաքանակի շեշտակի նվազման պատճառով նպատակահարմար չէ, լուծարվել է. շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմադրամին:
Մեկ այլ որոշմամբ 10 տարով երկարաձգվել է Ուկրաինայի Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղին հատկացված տարածքի օգտագործման պայմանագրի ժամկետը: Նախկինում անբարվոք վիճակում գտնվող տարածքն ուկրաինական կողմի հատկացրած միջոցներով բարեկարգվել է, նորոգվել են շենքի տանիքը, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը, մասնաճյուղը կահավորվել է ժամանակակից գույքով: 2004-2012 թթ. կրթօջախը տվել է 910 շրջանավարտ, որից 83-ը` անվճար հիմունքով:
Կառավարությունը որոշել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանից հետ վերցնել Դիլիջանի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող շենք-շինությունները և 50 տարի ժամկետով ամիսը 270 հազար դրամով վարձակալության տրամադրել «Ֆորեստ պարկ» ՍՊԸ-ին, որը նշված շենք-շինություններն օգտագործելու է զբոսաշրջության զարգացման նպատակով` հատուկ և արտոնյալ պայմաններով կազմակերպելով նաև համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հանգիստը:
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի «Լոգիստիկ կենտրոն» ՓԲԸ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հողատարածքի վարձակալ «Մետէքսիմ» ՍՊԸ-ին` ակնկալելով, որ կվերականգնվի ընկերության նորմալ գործունեությունը, մասնավորեցման շնորհիվ կավելանան պետբյուջեի մուտքերը:
Կառավարությունը որոշել է «Վարդենիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Վ. Համբարձումյան 5/1 հասցեում գտնվող տարածքը հետ վերցնել և օտարել մրցույթով` ավելացնելով ՏԻՄ բյուջեի մուտքերը և բարեկարգելով տարածքը:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի «Գանձաքար» կինոթատրոնի շենքն ուղղակի վաճառքի ձևով կմասնավորեցվի Գանձաքարի համայնքին, որը մտադիր է շենքը նորոգել և օգտագործել որպես մշակութային օջախ:
Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունն ավարտին հասցնելու և ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու համար գործադիրը հատկացրել է մոտ 9 մլն դրամ: Մոտ 30 մլն դրամ է հատկացվել մայրաքաղաքի Ա. Մարգարյանի անվան N 29 ավագ դպրոցի համար գույք և սարքավորում ձեռք բերելու նպատակով:
Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը կշնորհվի նոր ընթացակարգով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Նախագահի` Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու հրամանագրում փոփոխություններ կատարելու նախագծին, որով կկարգավորվի մրցանակի թեկնածուի ընտրության գործընթացի պատշաճ կազմակերպումը, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի լիակատար մասնակցությունը դրա աշխատանքին: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահի աշխատակազմ:
Իր նիստում կառավարությունը որոշել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ակնկալվում է, որ օդանավակայանի գործարկման շնորհիվ ավելի արդյունավետ կլուծվեն արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում և արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման հարցերը:
ՀՀ կառավարությունը նոր ենթակետով է լրացրել անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձաչափերը հաստատելու իր նախկին որոշումը: Լրացումը հնարավորություն կտա դյուրացնել անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը, նպաստել անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, ընդլայնել առանց փորձաքննության գրանցվող անասնաբուժական դեղամիջոցների ցանկը:
Իրականացվում է Երևանի կառուցապատման ծրագիրը
ՀՀ օրենսդրության համաձայն և Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Ավելի վաղ նշված և Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կառավարության որոշումներով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը նշված տարածքների ձեռքբերողն է և կատարել է օտարման գործընթացներ: Սույն որոշման նպատակը նշված աշխատանքի շարունակումն է և քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչի շնորհիվ կստեղծվի ներդաշնակ կառուցապատում Հյուսիսային պողոտայի հետ:
Հաջորդ որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ: Դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդը և Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման նպատակով կառավարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է 5.5 մլն դրամ:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 15-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: 2001 թ. հունիսի 11-ին կնքված նամակ-համաձայնագրի և կատարված 14 լրացումների համաձայն ՀՀ կառավարությանը հատկացվել է շուրջ 18 մլն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական աջակցություն:
Կառավարության որոշմամբ Երևանի «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: