Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 սեպտեմբերի 2013

Կազմվել է Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ցանկը










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին, որը ներառում է Մաքսային միությունում գործող փաստաթղթերի և ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի գույքագրումը, առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող խնդիրների ուսումնասիրությունը, Հայաստանի համար անմիջապես ընդունելի, ընդունման համար որոշակի ժամանակ պահանջող և բանակցման ենթակա նորմերի տարանջատումը, Մաքսային միությանը միանալու համար վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանությունը և այլն:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է երկօրյա ժամկետում ՀՀ վարչապետին առաջարկություններ ներկայացնել Մաքսային միությանը ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ:

Միջազգային համագործակցություն

Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման, ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրերի թիվ 4 փոփոխությունների կնքման առաջարկություններին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված փոխառության համաձայնագրին, ըստ որի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 7 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կուղղվի Երևանի ջրամատակարարման բարելավմանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է Միացյալ Նահանգների դեսպանի հետ և քննարկել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանն առնչվող բոլոր խնդիրները: «Այս երկու որոշումները, որ ընդունում ենք, մեզ հնարավորություն են տալիս ստորագրել համաձայնագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ունենալ շուրջ 43 մլն դոլարի օժանդակություն:
Մենք ԱՄՆ ՄԶԳ-ին խնդրել էինք, որպեսզի գյուղատնտեսության միասնական ռեգիստրի ձևավորման համար մեզ ֆինանսական օժանդակություն տրամադրվի: Հիշում եք, որ մենք հաստատեցինք այդ ծրագիրը: Սա բավականին մեծածավալ ֆինանսական ներդրում պահանջող ծրագիր է՝ գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու համար, և ԱՄՆ ՄԶԳ-ն, Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել էին մեր խնդրանքին և մեկ մլն դոլար են հատկացրել այս աշխատանքների իրականացման համար: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել և դեսպանին, և Միացյալ Նահանգների կառավարությանն` այս օժանդակությունն օպերատիվ կերպով մեզ տրամադրելու համար»,-ասել է վարչապետը:
Կառավարությունը 2014թ. հունվարի 1-ից հաստատել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելությունում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հաստիք:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտներում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման համաձայնագրի կնքման առաջարկությունը:

Ընդլայնվում է սոցիալական բնակտարածքը

ՀՀ կառավարությունը որոշել է Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված և դեռևս չբաշխված բնակելի տներից չորսը հատկացնել իրացման դիմաց երկու անձի և դատարանի երկու վճռի համաձայն, ինը հանձնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու նպատակով: «Երեկ պետական բյուջեի նախագիծը քննարկելիս անդրադարձանք նաև փախստականների խնդրին,- ասել է վարչապետը: -Մենք պատրաստ ենք նաև այն փախստականներին, որոնք հաշվառված են և որոնց նկատմամբ մենք բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք, այս պահին կարող ենք Սպիտակ քաղաքում բնակարաններ առաջարկել: Եթե հայտեր կլինեն, ապա մենք կառավարության որոշումով կարող ենք նրանց բնակարաններ տրամադրել»:
Գործադիրը սահմանել է այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը: Այն ծառայողները, որոնք ծառայությունը կանցնեն բնակության վայրից ավելի քան 30 կմ հեռու, կստանան դրամական փոխհատուցում համաձայն վարձակալության պայմանագրում նշված գումարի, սակայն ոչ ավելի, քան 30 հազար դրամ: Վարչապետի դիտարկմամբ, մեզանում առաջին անգամ ձևավորվել է այլընտրանքային ծառայության ամբողջական օրենսդրական դաշտը, և աշնանային զորակոչը պետք է ցույց տա, թե ինչպես է այն կիրառվում: «Անհրաժեշտ է աչալուրջ լինել,-հավելել է Տիգրան Սարգսյանը,- որպեսզի այս բնագավառում լրացուցիչ ռիսկեր չունենանք, քանի որ այսպիսի աշխատանքի փորձ չունենք»:

Կզարգանա էլեկտրոնային առևտուրը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ արմատապես փոխվել է նաև առևտրային գործարքների տեխնոլոգիան: Ստեղծվել է բիզնեսի նոր էլեկտրոնային միջավայր` «էլեկտրոնային առևտուր»: Այն բնութագրում է համացանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքի կամ ծառայության ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը: Համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար Հայաստանը պարտավոր է հաշվի առնել առևտրի, այդ թվում էլեկտրոնային, զարգացման ընդհանուր միտումները: Որոշման նպատակն է ստեղծել էլեկտրոնային առևտրին օժանդակելու համար ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածքներ, մշակել պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, խթանել ապրանքների և ծառայությունների արտահանումը, կատարելագործել էլեկտրոնային առևտրի ոլորտի իրավական և օրենսդրական դաշտը, երկրում ստեղծել էլեկտրոնային առևտրի կայուն զարգացման բարենպաստ միջավայր:
Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը նպաստավոր պայմաններ է ստեղծել ս.թ. հոկտեմբերի 4-ից 6-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում անցկացվելիք «Դիջիթեք-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի, ինչպես նաև ոլորտի մի շարք այլ կարևոր միջոցառումների համար:
Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Արաքս երկաթուղային կայարանի բեռնման-բեռնաթափման տարածքին հարող 5-րդ երկաթուղային գծի 240 մետր երկարությամբ հատվածն ամրացվել է «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Իր նիստում կառավարությունը հաստատել է գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները, որոնց սահմանումը թույլ կտա պետգույքի օգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ որոշակի սկզբունքներ պահպանել: «Մենք այս դաշտում կարգուկանոն ենք հաստատում, որովհետև կան սուբյեկտներ, որ դիմում են մեզ, թե իբր զբաղվելու են գրահրատարակչական գործունեությամբ, բայց իրականում տեսնում ենք, որ ի հայտ են գալիս զբոսաշրջային գործակալություններ, այլ բիզնեսներով են զբաղվում, ինչն ուղղակի անթույլատրելի է»,-պարզաբանել է Տիգրան Սարգսյանը:
Նիստում հաստատվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական ծառայություններ արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը:
Գործադիրը 5 տարով երկարաձգել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը:

Լուծվում են մարզերի հիմնախնդիրները

ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 50-ական միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին: Ընդհանուր առմամբ 2012-2013թթ. Այդ նպատակով մարզպետարաններին է տրամադրվել 40 մլրդ դրամ:
ՀՀ կառավարությունը որոշել է Լոռու մարզի «Գուգարք» կարի արտադրական միավորման կողմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքը մասնավորեցնել մրցույթով, Գարգառի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի կարի արտադրական միավորման արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 952.5 հազար դրամն ուղղել ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը:
Մեկ այլ որոշմամբ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում հնարավոր կլինի կառուցել հանգստի և ժամանցի գոտիներ: Հիշեցնելով, որ թույլտվությունը կամ հողերի կատեգորիայի փոփոխությունը կատարվում են այն պատճառաբանությամբ, որ այդտեղ ներդրում է արվելու, վարչապետը Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել է անցկացնել հերթական մոնիթորինգը և պարզել, թե կատարվո՞ւմ է արդյոք ներդրումը և ինչ ծավալով ու ինչ ազդեցություն է ունենում տնտեսական աճի վրա:
Կառավարությունը մոտ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղական համայքների երրորդ համաժողովը նախապատրաստելու և ս.թ. հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկ քաղաքում անցկացնելու նպատակով:

Հիմնովին կբարեկարգվեն Երևանի կենտրոնի փողոցները

Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանին է հատկացվել մոտ 9 մլրդ դրամ` քաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկը հիմնանորոգելու, ինչպես նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխատուցման համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով: Այդ աշխատանքի արդյունքում Երևանի երթևեկելի հատվածներում կլինի ավելի քան 1 մլն քառ. մետր բարձրորակ ասֆալտբետոնե շերտ, ևս 70 հազար քառ. մետր` մայթերի հատվածներում, ինչպես նաև մոտ 39 հազար գծամետր նոր եզրաքար: Քաղաքապետարանը 4-րդ աստիճանի վթարային քանդման ենթակա շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով ձեռք կբերի 100 բնակարան, ինչպես նաև առնվազն 350 քառ. մետր տարածք` շենքի առաջին հարկի հասարակական տարածքից: Եվս երկու որոշմամբ գործադիրը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղու շինարարությունն ավարտին հասցնելու համար:

 

Օրենսդրական գործունեություն

ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելուց հետո ողջամիտ ժամկետում կազմակերպել դրա քննարկումը: Կառավարությունը ժամկետի ճշտում է արել և նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր առաջարկության ընդունման դեպքում:
Նիստում քննության է առնվել Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային: Դրական գնահատելով նախաձեռնությունը, գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է Արարատի մարզի Արարատի քաղաքային,Նշավանի և Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը` 2018թ. գարնանային զորակոչ, տարկետում է տրվել իրավագիտություն մասնագիտությամբ Բեռլինի Հումբոլդտի համալսարանի բակալավրիատ ընդունված Աշոտ Պողոսյանին:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է պատշաճ մասնակցություն ցուցաբերել ս.թ. հոկտեմբերի 8-10-ը անցկացվելիք «Արձագանք-2013» զորավարժությանը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ