չորեքշաբթի, 31 մարտի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից, 1 մլն 933.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարանին (միջին մասնագիտական ուսուցում)՝ մարզական ուսումնարանների ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2004թ. պահուստային ֆոնդից, 3 մլն 500 հազար դրամ է հատկացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ ԳԱԱ Հ. Խ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով:
Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ, գործադիրը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների ցանկում ավելացրել է, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի ֆոնդապահների պաշտոնները: Որոշման ընդունմամբ կպաշտպանվեն շուրջ երեք տասնյակ աշխատողների սոցիալական շահերը:
Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2004/2005 ուսումնական տարվա անվճար (4140 տեղ) և վճարովի (5646 տեղ) ուսուցման տեղերն՝ ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների: Սահմանվել է, որ ՀՀ պետական բուհերի 2004/2005 ուս. տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ և մագիստրատուրա): Որոշմամբ պետական բուհերի անվճար տեղերի 10 տոկոսը, ըստ մասնագիտությունների, հատկացվելու է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին: Կրթության և գիտության նախարարին հանձնարարվել է՝ համաձայն ՀՀ գյուղական համայնքների ներկայացրած հայտերի, երկշաբաթյա ժամկետում, ըստ մասնագիտությունների, ներկայացնել նպատակային մանկավարժական տեղերի չափաքանակները (գյուղական համայնքների հանրակրթական դպրոցներում ուսուցիչների պահանջարկի 50 տոկոսի չափով):
Մեկ այլ որոշմամբ, «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական նմուշի ատեստատի, ինչպես նաև հիմնական ընդհանուր կրթության պետական նմուշի վկայականի ձևերը:
Կառավարությունը սահմանել է մսի և կենդանիների սպանդի մյուս մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման, ինչպես նաև մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման և ոչնչացման կարգերը: Նշված կարգի հաստատմամբ, կհստակեցվի տնտեսավարող սուբյեկտների և անասնաբուժական ծառայության միջև ծառայողական փոխհարաբերությունները, կկանոնակարգվի կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության ապահովումը դրանք իրացնելիս և վերամշակելիս, կուժեղացվի դրանց նկատմամբ պետական անասնաբուժական վերահսկողությունը, ինչը զերծ կպահի ազգաբնակչությանը կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններով վարակվելուց:
Գործադիրը հաստատել է Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտիները՝ 50550.0 քմ ընդհանուր մակերեսով: Որոշման ընդունումը, ըստ քաղաքապետի, պայմանավորված է Երևանի Կենտրոն թաղային համայնքի տարածքը խարխուլ, վթարային շինություններից ազատելու, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված տեսքին վերադարձնելու, հողային սուղ ռեսուրսների պայմաններում՝ ներդրումային ծրագրերի իրականացման համար կառուցապատման տարածքներ տրամադրելու և քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված որոշ փողոցների բացման խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ: Որոշման հետ կապված, մի շարք այլ հանձնարարականների հետ, Երևանի քաղաքապետին հանձնարարվել է եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել Երևանի Կենտրոն թաղային համայնքի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթի պայմանները, ինչպես նաև կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2004-2009 թթ. ընթացքում՝ ըստ փուլերի ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:
Կառավարությունը հաստատել է նաև Երևանի Աթենքի, Լենինգրադյան, Սեբաստիա փողոցներին և Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքների գոտևորման սխեման և որոշել է դրան համապատասխան փոխել նշված հողերի նպատակային նշանակությունը (կատեգորին):
Գործադիրը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով նախատեսվում է ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ չկիրառել նշված օրենքի այն դրույթը, ըստ որի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները ստորագրելու իրավունք ունի որակավորված գլխավոր հաշվապահը:
Նիստում հավանություն է տրվել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ մեկ այլ օրինագծի, որով նշված օրենքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Գյուղատնտեսության բնագավառ» բաժինը առաջարկվել է լրացնել «անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրություն» կետով: Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կանոնակարգելու անասնաբուժության բնագավառում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի լիցենզավորման ենթակա կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության իրականացման լիցենզավորման ոլորտները:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության «Սարդարապատի հուշահամալիրի Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական հիմարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Սարդարապատի հուշահամալիրի Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության: Սահմանվել է, որ այն հանդիսանում է վերոհիշյալ պետական հիմնարկի իրավահաջորդը: Որոշմամբ պետական ոչ առևտրային այդ կազմակերպության կառավարման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի մի շարք ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, իսկ կազմակերպությանը հարող հողատարածքների, շենքերի և շինությունների օգտագործման իրավունքը վերապահվել է Արմավիրի մարզպետարանին:
ՀՀ տարածքում 2004թ. գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ 2004թ. պետբյուջեով նախատեված իր պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ տրամադրել: Քննարկման արդյունքում նշվել է, որ գումարի չափը առաջիկա մի քանի օրերի ընթացքում առավել կհստակեցվի՝ տուժած բոլոր մարզերից ստացված տվյալների ամփոփման արդյունքում:
Գործադիրը նիստում հավանություն է տվել համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման առաջարկվող ծրագրի մասին ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կայացած բանակցությունների արդյունքում կողմերի միջև ստորագրված արձանագրությանը, «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրի զարգացման վարկային համաձայնագրի նախագծին, Միջազգային զարգացման ընկերակցության և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև ստորագրվող ծրագրի համաձայնագրին ու ՀՀ կառավարությանը «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրի իրականացման համար 23 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկի տրամադրման գնահատման փաստաթղթին: