հինգշաբթի, 3 հոկտեմբերի 2013
Միջազգային ֆինանսական գործարքը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով ՀՀ 2013 թ. պետբյուջեում արտացոլվել են արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները: 2013 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով պետական պարտատոմսերի առաջին տեղաբաշխումից մուտքը կազմել է 690.2 մլն ԱՄՆ դոլար: Ստացված միջոցները նախատեսվում է օգտագործել մի շարք ուղղություններով, այն է` ռուսական 500 մլն ԱՄՆ դոլարի վարկի գծով առկա պարտքի վաղաժամկետ մարում, որի արդյունքում որակապես կբարելավվի ՀՀ կառավարության արտաքին պարտքի պորտֆելը, պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին ՀՀ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրի կրճատում, տնտեսության վարկավորում և ներդրում և այլն:
ՀՀ անունից արտարժույթով պետական պարտատոմսերի դեբյուտային թողարկման գործընթացի կազմակերպման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան ծառայություններ ձեռք բերելու նպատակով կնքել է մի շարք պայմանագրեր, որոնց գծով ստանձնել է ընդհանուր առմամբ 1 մլն 773 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վճարման պարտավորություն: Կառավարության որոշմամբ այդ նպատակով կօգտագործվի ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված արտաքին տոկոսավճարների գծով առկա տնտեսված գումարը:
Ամփոփելով պարտատոմսերի թողարկման թեման` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր որոշ ընդդիմախոսներ փորձում են այս գործընթացին կասկածով վերաբերվել և սևացնել այն: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա տալ հրապարակային պարզաբանումներ: Առաջին, մենք վարձել ենք աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկը, որն ունի մեծ հեղինակություն և որը մեզ օգնել է, որպեսզի այս գործընթացը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին՝ հրապարակայնության, գործընթացների կազմակերպման առումով, ինչպես նաև` թե կառավարությունն ինչ վարքագիծ պետք է ունենա եվրոբոնդերի թողարկման ընթացքում:
Երկրորդ, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ՝ Deutsche Bank-ը, GP Morgan-ը, HSBC բանկը, որոնց հեղինակությունն այս շուկաներում նույնպես կասկած չի հարուցում:
Երրորդ, մենք տեղաբաշխումն իրականացրել ենք շուկայում ստեղծված իրավիճակի լավագույն պահին և մեր գործընկերների խորհուրդների շնորհիվ կարողացել ենք տեղաբաշխել այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով:
Չորրորդ՝ այս տեղաբաշխման շնորհիվ մենք կարողանում ենք 7 տարվա կտրվածքով բարելավել մեր վճարային հաշվեկշիռը, կանխիկ հոսքերը, ինչպես նաև 2013-2014 թվականների բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ, քանի որ, ինչպես զեկուցեց ֆինանսների նախարարը, մենք կունենանք տնտեսում, ինչպես նաև մեր գործողությունները նպաստելու են տոկոսադրույքների նվազեցմանը: Ավելին, այս հաջող գործարքի կապակցությամբ մենք դրական գնահատականներ ենք ստացել միջազգային տարբեր կառույցներից: Տեղյակ եք նաև, որ վերջերս էլ Արժույթի միջազգային հիմնադրամը տվեց իր գնահատականը, որ սա իսկապես չափազանց դրական ձեռքբերում է մեզ համար: Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդրողների քարտեզի վրա, և այսուհետ 100-ից ավելի հեղինակավոր ներդրողներ հետևելու են Հայաստանի բոլոր՝ ֆինանսական, մակրոտնտեսական գործընթացներին: Սա մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու բացառիկ հնարավորություն է ստեղծում և նվազեցնելու է տոկոսադրույքները, որոնք նրանք կարողանում են այսօր ունենալ՝ ֆինանսական շուկաներում ձեռք բերելով պարտավորություններ, իսկ դա նշանակում է ավելի մատչելի ֆինանսական միջոցներ համաշխարհային ֆինանսական շուկաներում՝ ավելի ցածր տոկոսադրույքներով: Մենք այս ճնշումն զգում էինք մասնավոր հատվածի կողմից, քանի որ բազմաթիվ հարցումներ ենք ստացել նրանցից, որ Հայաստանի Հանրապետության կողմից եվրոբոնդերի չթողարկումը թանկացնում է մասնավոր հատվածի կողմից պարտատոմսերի թողարկումը միջազգային շուկաներում՝ մոտավորապես մեկ տոկոսային կետով, իսկ դա բավական լուրջ ցուցանիշ է, երբ խոսքը վերաբերում է ներքին շուկայի տոկոսադրույքներին, և դա մոտակա երկու տարիների ընթացքում նպաստելու է տոկոսադրույքների նվազեցմանը, ինչը բնականաբար խթանելու է տնտեսական աճը, մի կողմից ցածր տոկոսադրույքներ, մյուս կողմից` հասանելի ֆինանսական միջոցներ:
Այնպես որ, օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ և՛ «Deutsche Bank»-ին, և՛ GP Morgan-ին, և՛ HSBC-ին շատ հաջող գործարքի համար, և մեր գնահատականը նրանց կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ դրական է»: Նիստում նաև նշվել է, որ պարտատոմսերն առաջնային շուկայում տեղաբաշխման ժամանակ ձեռք է բերել 152 ներդրող, ինչը համարվում է բավական դիվերսիֆիկացված ցուցանիշ, քանի որ մեկ, երկու կամ երեք ներդրողից կախում չկա: Երկրորդ, պարտատոմսերի մեջ ներդրում են իրականացրել 42 տոկոսը՝ ԱՄՆ-ի ներդրողները, 23 տոկոսը` Մեծ Բրիտանիայի ներդրողները, 17 տոկոսը` մայրցամաքային Եվրոպայի ներդրողները, մնացածը` ներդրողներ ամբողջ աշխարհից, ինչը նույնպես շատ կարևոր է:
Վերջնական պահանջարկը, որից ընտրություն է արվել, կազմել է 2 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար:
Վարչապետի դիտարկմամբ` պահանջարկը նույնպես վկայում է այն մեծ հետաքրքրությունը, որ եղել է հայկական բոնդերի նկատմամբ: «Սա մի գործընթաց է, որը մեր միջազգային հեղինակությունը պետք է բարձրացնի: Ցավոք, կան մարդիկ, որոնք ցանկացած ձեռքբերման վրա ուզում են ցեխ շպրտել: Անհասկանալի է, մենք բազմաթիվ թերություններ ունենք մեր երկրում, բազմաթիվ բացթողումներ, այդ ամենը թողած` ընկել են դրական ձեռքբերումների հետևից», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
Կներդրվի նոր տեխնոլոգիա
ՀՀ կառավարությունը որոշել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. հունիսի 17-ը: Ընկերությունը նախատեսում է կառուցել նոր արտադրամաս` ներդնելով Ալբիոն տեսակի տեխնոլոգիա, որը ներառում է հանքաքարից հարստացված խտանյութի ստացումը, դրա գերմանր աղացումը և թթվածնի օգնությամբ խտանյութի սուլֆիդային մասի օքսիդացումը: Ծրագրով նախատեսվում է նաև հիմնովին վերազինել եղած արտադրական հզորությունները, ինչի արդյունքում ընկերությունը կկարողանա 30-35 տոկոսով մեծացնել արտադրանքի ծավալը` զուգահեռաբար ավելացնելով (60-ով) աշխատատեղերը և պետբյուջե ուղղվող հարկային մուտքերը:
Կառավարության որոշմամբ ապահովվել է «Գրանատուս վենչուր ֆոնդ I» ՓԲԸ կանոնադրական կապիտալում պետության մասնակցության հաստատումը և ՀՀ կառավարության անունից ընկերության հետ պայմանագրերի ստորագրման լիազորության վերապահումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Վենչուրային կապիտալի/սկսնակ ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի ստեղծման ծրագրում կառավարությունը կներդնի 3 մլն 300 հազար ԱՄՆ դոլար, մասնավոր հատվածը` 3 մլն ԱՄՆ դոլար:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգին, որի ընդունումը բխում է երկրի տնտեսական զարգացման խնդիրների լուծման բնագավառում մարդկային կապիտալի և բնակչության կյանքի որակի արժևորման անհրաժեշտությունից, մարդու մտավոր և ֆիզիկական ընդունակությունների զարգացման պայմանների ստեղծման կարևորության գիտակցումից:
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Թալին քաղաքում գտնվող շուրջ 235 քառ.մետր ընդհանուր մակերեսով երեք տարածքները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Դրանով իսկ գործադիրն ակնկալում է ավելացնել պետբյուջեի մուտքը, բարելավել տարածքի վիճակը: Մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գտնվող շուրջ 950 քառ. մետր մակերեսով պանսիոնատն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է համայնքին` նախատեսելով, որ գնորդը պարտավոր է շենքում բնակվող անօթևաններին հատկացնել (նվիրել) նրանց զբաղեցրած բնակարանները:
Կարկտահարված հողերը նույնպես արդյունավետ կօգտագործվեն
2013 թ. մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի քսաներեք գյուղերի գյուղացիական տնտեսությունների վերականգնմանն աջակցելու համար հատկացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործելու և ավելի մեծ թվով շահառուների աջակցելու նպատակով կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացում, որոնց շնորհիվ մարզի բնակիչների համար կստեղծվեն վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման առավել նպաստավոր պայմաններ: Հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, պատասխանելով վարչապետին, հավաստիացրել է, որ կառավարության ձեռնարկած միջոցներն ստացել են բնակչության դրական արձագանքը:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնցով սահմանվել են ՀՀ տարածքում արտադրված, ինչպես նաև օտարերկրյա պետություններից ներկրված կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների առավելագույն թույլատրելի մնացորդային քանակները, որպեսզի ձեռնարկվելիք համապատասխան միջոցների արդյունքում բնակչությունը զերծ պահվի թունանյութ պարունակող սննդամթերքի օգտագործումից:
Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը նպատակ ունի ապահովել առողջապահական ՊՈԱԿ-ների և 100 տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասով առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի առավել բնականոն ընթացքը և տնօրենի գործառույթների արդյունավետ իրականացումը:
Կստեղծվեն երաշխիքային ֆոնդի գործունեության նպաստավոր պայմաններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի կարգավորման առարկան 2013 թ. ընթացքում երաշխիքային ֆոնդի կողմից ստացվող որոշ եկամուտների շահութահարկով հարկման ընթացակարգերն են:
Նիստում հավանություն է ստացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ չհաշվարկել և չգանձել նաև ինքնաթիռ, ուղղաթիռ, տիեզերական սարք և տիեզերական տանող հրթիռ ապրանքներից և դրանց պահեստամասերից: Ակնկալվում է, որ օրենքի փոփոխությունը կխթանի հայկական քաղավիացիայի օդային փոխադրումների շուկայի զարգացումը, կնվազեցնի ուղևորա- և բեռնափոխադրման սակագները:
Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերը, որոնց ընդունման դեպքում հնարավորություն կտրվի աստիճանաբար անցնել անձը հաստատող առավել պաշտպանված փաստաթղթային համակարգի, վավերականության ժամկետի երկարաձգման միջոցով քաղաքացուն զերծ պահել լրացուցիչ ծախսից:
Գործադիրը քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով գործող օրենքը բովանդակում է դրույթներ, որոնք ուղղակի հակասում են Սահմանադրությանը, դրույթներից մի քանիսն էլ` ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքին: Կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված նախագծին և հանգամանորեն հիմնավորել իր բացասական եզրակացությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով սահմանվում է, որ ՀՀ գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների համակարգում հայկական սփյուռքի հետ հարաբերությունների բնագավառում գլխադասային մարմինը ՀՀ սփյուռքի նախարարությունն է: Սահմանվել են նաև նախարարության իրավունքներն իր լիազորության շրջանակում:
Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին և ձեղնահարկում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տալու և պայմանագիր կնքելու կարգը:
Գործադիրը հաստատել է ՊՈԱԿ-ներին ամրացված անշարժ գույքը մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու, վարձակալության տրամադրելու մրցույթի կամ աճուրդի կազմակերպման, հաղթողի որոշման կարգերը:
«Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառավարության որոշմամբ հատկացվել է շուրջ ութ միլիոն դրամ: Ուսուցչի օրը ներառված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկ: Այն նշում են 100-ից ավելի պետություններ: ՀՀ 2013 թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 12 մլն 600 հազար դրամ:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների` «Արձագանք - 2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզմանը մասնակցելու կարևորությունը: «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով մարզումն անցկացվելու է ս.թ. հոկտեմբերի 4-ից և կառավարությունում ամփոփվելու է հոկտեմբերի 8-ին:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: