հինգշաբթի, 3 հոկտեմբերի 2013
Վարչապետին են ներկայացվել «Ռոստելեկոմ»-ի կողմից ՀՀ-ում նախատեսվող ներդրումային ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել «Ռոստելեկոմ»-ի կողմից մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը:
Սերգեյ Կալուգինը գոհունակություն է հայտնել կապի ոլորտում Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներից և ներկայացրել «Ռոստելեկոմ»-ի ներդրումային ծրագրերը: Ռուսական ընկերությունը նախատեսում է մինչ 2017 թվականը Հայաստանում ներդնել 26 մլն դոլար: «Ռոստելեկոմ»-ի ղեկավարը նշել է, որ իր գլխավորած ընկերությունն առաջիկայում նախատեսում է իր ծառայություններով մուտք գործել մեր երկրի բազմաթիվ քաղաքներ:
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծվող վենչուրային հիմնադրամում և արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտում «Ռոստելեկոմ»-ի հնարավոր ներգրավմանն ուղղված հարցեր: