ուրբաթ, 2 ապրիլի 2004
Այսօր ՀՀ կառավարությունում Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռաֆիկ Հարիրին մասնակցել են երկու երկրների միջև առանձին ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությանը: Մասնավորապես, ստորագրվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Լիբանանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2004-2007թթ. մշակութային համագործակցության մասին գործնական ծրագիր: Այն ստորագրել է ՀՀ մշակույթի և երիտասրդության հարցերի նախարար Թամարա Պողոսյանը և ԼՀ մշակույթի նախարար Ղազի Արիրին: Կրթության և գիտության բնագավառում ևս 2004-2007թթ. ուսումնական տարիների համար ստորագրվել է գործնական ծրագիր՝ ՀՀ և ԼՀ կառավարությունների միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը և ԼՀ կրթության նախարար Սամիր ալ-Ջիսրը: Ստորագրվել է նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիբանանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, լիբանանյան կողմից ԼՀ առևտրի և էկոնոմիկայի նախարար Մարուան Համադեն: Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի եզրափակիչ արձանագրությունը ստորագրել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը և ԼՀ առևտրի և էկոնոմիկայի նախարար Մարուան Համադեն:
Փաստաթղթերի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի համատեղ մամուլի ասուլիսը: