Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 հոկտեմբերի 2013

Աջակցություն կցուցաբերվի ևս երեք հարյուր փոքր և միջին ձեռնարկատիրոջ






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են Կանանց ձեռներեցությանն աջակցելու ծրագրով ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրից: Դրա համաձայն ֆինանսական աջակցություն պետք է ցուցաբերվի 300 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտի, որի առնվազն կեսը պետք է պատկանի և/կամ կառավարվի կանանց կողմից: Պարտավորությունն իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխիքային դրամագլուխը համալրել երկու մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Դրամագլուխը ձևավորվել է 2004-2013 թթ. ընթացքում ՀՀ պետբյուջեից և միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավված ֆինանսական միջոցներով. այդ ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 428 գործող և 454 սկսնակ ՓՄՁ սուբյեկտի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկը նշանակում է, որ մարդիկ կարող են հայտեր ներկայացնել և դրանց հիման վրա օգտվել վարկային միջոցներից: «Այժմ մենք տնտեսական աճը խթանելու համար աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ ենք տրամադրում Կենտրոնական բանկին և առևտրային բանկերին,- հավելել է վարչապետը: - Դա նշանակում է, որ բիզնեսը պետք է իմանա, որպեսզի բիզնես ծրագրեր մշակի, օգտվի այդ գրանտային տարրից: Այդ գործում մարդկանց կօգնեն փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոնները: Հակառակ պարագայում ստացվելու է, որ մենք ունենք առևտրային վարկային ռեսուրներ, որոնցից օգտվող չունենք: Սրան պետք է ուշադրություն դարձնել: Մենք եվրոբոնդերից ստացված գումարի մի մասը տալու ենք Կենտրոնական բանկին՝ վարկային միջոցներով բանկերի ֆինանսական ռեզերվներն ավելացնելու համար: Հիմա փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար Ասիական բանկից ենք վարկ վերցնում: Բայց այնպես պետք է անենք, որ պահանջարկն էլ հետևից հասցնի: Ես խնդրում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը զանգվածային լրատվական միջոցներին մանրամասն բացատրություն տա, կոնկրետ օրինակներով ցույց տա այն գրասենյակները, ուր նրանք կարող են դիմել և օգնություն ստանալ: Հեռուստատեսությամբ պետք է երևա, թե այդ կենտրոններն ինչպես են օգնում մարդկանց մշակել բիզնես ծրագրեր, որպեսզի ամեն ինչ հասանելի լինի մեր բնակչությանը, հակառակ դեպքում այս ծրագրերն արդյունավետ չեն կարող լինել»:
Գործադիրը «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով` մինչև 2013 թ. հոկտեմբերի 30-ը: Ընկերությունը վերազինում է ձուլման արտադրամասը` այն վերապրոֆիլավորելով ամրանների արտադրություն կազմակերպելու համար: Իրականացվելու է ավելի քան 8.5 մլրդ դրամի ներդրում, մինչև տարեվերջ ավարտվելու է վերազինումը, որի արդյունքում կստեղծվի մոտ 300 նոր աշխատատեղ:
Կառավարության որոշմամբ երեք տարով հետաձգվել է «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն: Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն իր մեծությամբ երկրորդն է երկրում: Ներդրումային ծրագրով կառուցվող հանքաքարի հարստացման և խտանյութի արտադրության ֆաբրիկան, որը շահագործման է հանձնվելու 2015 թ., տարեկան կվերամշակի 7 մլն տոննա հանքաքար: Նաև նախատեսվում է շինարարության ընթացքում կազմակերպության ստեղծած ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղը փոխարինել նույն քանակով մշտական աշխատատեղով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով:


Լուծվում են կրթության ոլորտի հրատապ հարցերը

Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով կառավարության որոշմամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 60 մլն դրամ: Անդրադառնալով հարցին` վարչապետն ասել է. «Փաստորեն մենք առաջին անգամ ներդնում ենք այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալու խթանել բուհերի մրցակցությունը: Երկու տարի հետո մասնավոր ընկերությունները նույնպես հնարավորություն կունենան մասնակցել գնահատմանը: Նախարարությունը պետք է վերահսկի, որ գործընթացն օբյեկտիվ լինի. մեծ աժիոտաժ է լինելու: Հիմա պետք է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին: Այդ բարեփոխմանը ևս մենք պետք է անդրադառնանք»:
Հաջորդ որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է ավելի քան 137 մլն դրամ, որից ավելի քան 107 միլիոնը` «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» մասնաճյուղն անհրաժեշտ գույքով ու սարքավորումով ապահովելու, 30 միլիոնը` «Աուտիզմի ազգային հիմնադրամին» ամրացված մասնաշենքի նորոգման նպատակով:
Նախարարությանը հատկացված ևս մոտ 51 մլն դրամի մոտ 31 միլիոնն ուղղվելու է «Ապարանի ռազմական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի նորոգմանը, 10 մլն դրամը` Երևանի Գ. Մարգարյանի անվան N 94, 10 մլն դրամը` Երևանի Հ. Գալստյանի անվան N 83 ավագ դպրոցների շենքերի տանիքների նորոգմանը:
Հաջորդ որոշմամբ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 70 մլն դրամ` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Նշված գումարից 10 մլն դրամը նախատեսված է սիրիահայ երիտասարդների ուսման վարձը վճարելու համար: Հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարը տեղեկացրել է, որ պետության նախաձեռնած սոցիալական աջակցության ծրագրերով մեր երկրում կրթություն է ստանում շուրջ 10 հազար երիտասարդ:


Գազիֆիկացվում են Մեղրին և Ագարակը

ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկում կատարած փոփոխություններով և լրացումներով կառավարությունը պետբյուջե է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը: Նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը:
Կառավարությունը որոշում է ընդունել «Վարկային համաձայնագրերով ձեռք բերված ակտիվների ամրացման և «ԵրևանՋուր»» ՓԲԸ-ին վարձակալության հանձնված և հանձնվող գույքի մասին». փաստաթուղթը հնարավորություն կտա հաշվապահական միջազգային չափորոշիչների համաձայն հաշվառել վարկային միջոցներով ձեռք բերված պետգույքը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը գրասենյակային գույքով, սարքավորումներով, համակարգչի մասերով, կենցաղային ապրանքներով ապահովելու նպատակով նախարարությանը հատկացվել է մոտ 7 մլն դրամ: Մոտ 11.5 մլն դրամ է տրամադրվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պաշտոնական կայքի նորացումը և արդիականացումը, համակարգչային ցանցի համալրումն ու անխափան շահագործումն ապահովելու, գրասենյակային գույքը համալրելու, ինչպես նաև աշխատակիցների աշխատաժամանակի հաշվառման համակարգ տեղադրելու համար:
Տեսողությունից առաջին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձանց աջակցության նպատակով գործադիրը որոշել է նրանց զբաղվածությունն ապահովել «Արև» համակարգի միջոցով:


Հստակեցվում է սպասարկման գրասենյակների գործառույթը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացման կարգը,
- իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգի փոփոխությունը, որով հստակեցվում է այդ գործընթացը,
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջազգային փառատոն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը. մեծանուն երգիչ-բանաստեղծի անունն ընդգրկվել է հռչակավոր մարդկանց և հայտնի իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. օրացույցում, նրան նվիրված միջոցառումները շարունակվում են,
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող հողի հարկից և գույքահարկից ազատվող շենքերի և շինությունների ցանկերը հաստատելու որոշման փոփոխությունը, որով Արագածոտնի մարզի ցանկին ավելանում են մյուս մարզերի և Երևան քաղաքի ցանկերը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ոչ մետաղական հանքանյութի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգին, որի գործադրմամբ կբարձանա ոլորտի արդյունավետությունը, կխթանվեն ներդրումները:


Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կկրճատվեն էլեկտրական էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման արտոնագրի, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող շենք-շինությունների կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, հողամասերի օտարումը կիրականացվի ուղղակի վաճառքով:
Կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Գործադիրը քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը: Նրանք առաջարկում են կոնտակտային ոսպնյակների, օպտիկական ակնոցների արտադրությունը և առևտուրը դարձնել արտոնագրվող գործունեություն, ինչը չի բխում կառավարության որդեգրած քաղաքականությունից, որն ուղղված է արտոնագրման ընթացակարգի պարզեցմանը: Կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագիծը լրացուցիչ հիմնավորման ու լրամշակման կարիք ունի և այս տեսքով քննարկման ենթակա չէ:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակի չափը: Հիշեցնելով, որ 2014 թ. հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև զինվորական կենսաթոշակը, կառավարությունն իր եզրակացության մեջ տեղեկացրել է, որ եկող տարվանից ներդրվելու է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատավարձի հաշվարկման միասնական համակարգ` վերանայելով նաև զինվորական կենսաթոշակի հաշվարկման կարգը, ինչը հնարավորություն կտա այս բնագավառում վարել էլ ավելի թիրախավորված քաղաքականություն: Ի մի բերելով այս և մի քանի այլ հիմնավորում` կառավարությունը նպատակահարմար չի համարել ներկայացված օրենքի նախագծի ընդունումը: Գործադիրը դեմ է արտահայտվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Այլ հարցեր

Գործադիրն ի գիտություն է ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի զեկուցումը ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (18.07.2013 – 30.09.2013 թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն 31 կետը կամ 100 տոկոսը հոկտեմբերի 9-ի դրությամբ կատարվել է: 31 կետից մեկն իրականացվել է 9 օր ուշացումով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետությունում ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ներկայացուցչության իրավական կարգավիճակի համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ինսուլինակախյալ հիվանդների` անվճար դեղ ստանալու իրավունքի իրացումը պատշաճ և անխափան ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է, որ ՀՀ 2013-2019 թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից ինսուլինի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ՍՊԸ-ից:
Կառավարության որոշմամբ Էդիկ Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել բեղմնավոր աշխատանք:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ