հինգշաբթի, 17 հոկտեմբերի 2013
Ավարտին կհասցվի մարզերի մի շարք օբյեկտների շինարարությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և նախատեսված ծախսային ծրագրերի իրագործման, լրացուցիչ ֆինանսավորմամբ շարունակական օբյեկտների լիարժեք ավարտման, ժամկետների սղության պատճառով առանց ֆինանսական ապահովման մշակված (-վող) նախագծանախահաշվային փաստաթղթերի, 2012-2013 թթ. մատուցված ծառայությունների ներկայումս ֆինանսավորման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 61 մլն դրամ: Հարցի քննարկման համատեքստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների մոնիթորինգին և դրանք ավարտին հասցնելու անհրաժեշտության խնդրին: «Իմաստն այն է, որ մենք մեր քաղաքացիների որոշ խմբերի սոցիալական բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք, - հավելել է վարչապետը: - Եվ շատ ավելի մատչելի կլինի, եթե ավարտին հասցնենք անավարտ շինարարությունը, այլ ոչ թե զրոյից նոր շինարարություն սկսենք: Եթե կան այդպիսի անավարտ օբյեկտներ, ապա նպատակահարմար է դրանց վրա գումար ներդնել:
Նույնը վերաբերում է նաև մասնավոր հատվածի անավարտ շինարարությանը: Կան շենքեր, որոնք արդեն 10 տարուց ավելի է, ինչ անավարտ վիճակում են, և մենք չենք կարող անտարբեր նայել, թե այդ շենքերն ինչպես են քայքայվում: Արդեն պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու, եթե մասնավորը պարտավորություն է ստանձնել շենքը հասցնել ավարտին ու ավարտին չի հասցնում. դրա հետևանքով բազմաթիվ հանրային խնդիրներ են առաջանում: Այդ հարցերը պետք է քննարկել, լուծումներ առաջարկել, ի՞նչ տույժ, տուգանք կարելի է կիրառել, կամ դատական գործընթաց սկսել»:
ՀՀ կառավարությունը հիմնադրել է արտահանման ապահովագրական կազմակերպություն ՓԲԸ, սահմանել ընկերության ընդհանուր կապիտալը` 1 մլրդ 950 մլն դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1 մլրդ 500 մլն դրամ, որը համապատասխանում է 150 հազար հատ հասարակ բաժնետոմսի յուրաքանչյուրը` 10 հազար դրամ անվանական արժեքով և գլխավոր պահուստ` 450 մլն դրամ: Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը ձայների հավասար իրավունքով վերապահվել է լիազոր մարմնին` ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին: Լիազոր մարմինը հիմնադրի անունից հաստատելու է ընկերության կանոնադրությունը: Ապահովագրական կազմակերպության հիմնադրումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը: Ընկերության նպատակներից է արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկն ապահովագրել վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկից, բանկերի համար ստեղծել ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի արտահանման ֆինանսավորման ծածկույթը:
Իրագործվում են ներդրումային ծրագրերը
ՀՀ կառավարությունը «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է ևս երեք տարով` մինչև 2016 թ. հուլիսի 13-ը: Ընկերությունը, օգտագործելով Գեղարքունիքի մարզի Արգիչի գետի բնական ջրահոսքը, կառուցում է 11 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան, որի շինարարությունն սկսվել է 2007 թ., սակայն հետագայում դադարեցվել տնտեսական ճգնաժամի պատճառով: Այժմ ընկերությունը շարունակում է իր գործունեությունը, որը համահունչ է ՀՀ կառավարության հավանությունն ստացած ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներին:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը մինչև 2014 թ. մայիսի 5-ը երկարացրել է «ՍՊՍ սիգարոն» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում`վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը: Կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կստեղծվի վերսկսել ձեռնարկության գործունեությունը և արտադրանքի արտահանումը` կայունացնելով ֆինանսական վիճակը և պահպանելով աշխատատեղերը:
Նիստում արտոնություն է ստացել «Մեգա մեդ» ՍՊԸ-ն. իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծված 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքի ԱԱՀ վճարման ժամկետը կառավարությունը հետաձգել է մինչև 2016 թ. սեպտեմբերի 27-ը: Բժշկական պարագաների արտադրության այս ձեռնարկությունը ծրագրում է շուրջ 5 մլրդ դրամի ներդրում անել: Արտադրանքը հիմնականում արտահանվելու է:
Հաստատվել է հողային ֆոնդի հաշվեկշիռը
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը հաստատել է ՀՀ 2013 թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ: Որոշումը կհրապարակվի, կտեղադրվի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքում, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ պետական մարմինները, ոչ պետական կազմակերպություններն ու անձինք:
Գործադիրը հաստատել է իր ավելի վաղ ընդունած մի շարք որոշումներով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացված միջոցներով կառուցված և համայնքներին նվիրաբերման ենթակա գույքի ցանկը, ուր ընդգրկված են ջրամատակարարման, ոռոգման և փողոցային լուսավորության համակարգերը, գազատարները, համայնքային կենտրոնների մանկապարտեզները և այլ օբյեկտներ:
Կառավարությունը «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող 34 ընտանիքի անդամ ՀՀ քաղաքացիներին է նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
Հայկական մեղրը կարտահանվի Եվրամիության երկրներ
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում և մեղրի փորձաքննություն իրականացնելու համապատասխան նյութեր և պարագաներ ձեռք բերելու համար «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացրել է ավելի քան ութ միլիոն դրամ: Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է Հայաստանից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, Հայաստանից Եվրամիության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը:
Գործադիրը որոշել է Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրով 15 մլն եվրոյին համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու պայմանագրով նախատեսված վարկային պարտավորության ապահովման նպատակով ՀՀ ԿԲ-ին տրամադրել նույնքան դրամի չափով վարկային երաշխիք:
Մեկ այլ որոշմամբ հողային ռեսուրսների կառավարման գործիքների սահմանում ՀՀ զգալի տարածքի օրթոլուսանկարահանման աշխատանքն իրականացնելու նպատակով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին է հատկացվել ավելի քան 116 մլն դրամ:
Կվերականգնվի Մինասի հերթական որմնանկարը
ՀՀ կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել ավելի քան 22.5 մլն դրամ: 2010-2012 թթ. հիմնադրամն ամրակայել, վերականգնել և տեղափոխել է Մինաս Ավետիսյանի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում», «Հայկական հովվերգություն» և այլ որմնանկարները:
Կառավարության որոշմամբ 2013 թ. հոկտեմբերի 14-20-ը համերգային ծրագրով հանդես գալու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանող «Սահակյան» երգչախմբի օտարերկրյա քաղաքացիներն ազատվել են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:
ՀՀ կառավարությունը սահմանել է հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ունեցող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակի և պահպանության կարգը:
Կառավարություն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ավելի հստակ դասակարգել էներգատեղակայանքներում տեղի ունեցող պատահարները և կանխարգելել դրանք:
Գործադիրը որոշել է «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել ՀՀ արդարադատության նախարարությունը:
Կառավարության որոշմամբ ստեղծվել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը փոփոխել է ԿԱ ՊԵԿ կառուցվածքը. դրանով իսկ կօպտիմալացվի հարկային մարմնի կառավարման համակարգը և կհստակեցվի գործառույթների բաշխումը կառուցվածքային ստորաբաժանումների միջև:
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման և նախազգուշացման ոլորտներում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում լրացումներ կատարելու, ինչպես նաև «Արտարժույթի մասին» օրենքի նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Առաջին երկու օրինագծով առաջարկվում է 2014 թ. հունվարի 1-ից Հայաստանի տարածքում արգելել արտարժութային վարկերը` ելնելով տնտեսվարող սուբյեկտների` տնտեսավարման հավասար դաշտում գործելու, ՀՀ ազգային արժույթի դիրքերն ամրապնդելու, միջազգային պահուստները խնայելու անհրաժեշտությունից, իսկ երրորդով` արգելել արտարժութային գները: Գործադիրը, վկայակոչելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքը, հիշեցրել է, որ դրա համաձայն ՀՀ տարածքում վարկերը տրամադրվում են միայն դրամով, իսկ արտարժույթով` հիմնականում միայն բիզնես վարկերը: Բացի այդ, նշված օրենքը սահմանել է այն անհրաժեշտ ու բավարար պայմանները, որոնք ապահովում են ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը, ուստի կառավարությունն այս փուլում նպատակահարմար չի համարում ներկայացված օրինագծերի ընդունումը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ որոշումներ
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ենթակառուցվածքների բարեկարգման դրամաշնորհային համաֆինանսավորման համաձայնագրի նախագծին. փաստաթղթի հեռահար նպատակն է մասնագիտական աշխատաշուկայի կայացումը և նոր սերնդի հմուտ աշխատուժի ձևավորումը, ինչն իր հերթին կհանգեցնի երկրի տնտեսական զարգացմանը:
Երկրի բնակչության սանիտարահամաճարակային ապահովումը և հանրային առողջապահության գործառույթներն առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու, ոլորտում միջազգային մոտեցումներին համաձայն ծառայություններ տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է մի շարք ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ-ներ վերակազմակերպելու որոշում` ստեղծելով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարությունների միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Գեղաքարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Նունե Խաչատրյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: