երեքշաբթի, 22 հոկտեմբերի 2013
Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:
Կառավարության ղեկավարը կարևորելով երկկողմ համագործակցությունը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Վարչապետը Յուրի Ֆեդոտովի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական կողմի տարածած ապատեղկատվության ուղղությամբ, իբր Լեռնային Ղարաբաղը համարվում է թմրամիջոցների տարանցման ուղի: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ մեղադրանքները չունեն որևէ հիմք և առաջարկել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակին ԼՂ-ում անցկացնել համապատասխան ուսումնասիրություններ, որոնք կփաստեն Ադրբեջանի հերթական ստահոդ քարոզչությունը:
Յուրի Ֆեդոտովի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում ՄԱԿ-ի կարևորագույն և հուսալի գործընկերներից մեկն է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ մեր երկրի հետ առաջիկայում նախատեսվող ծրագրերը, որոնք ուղղված են լինելու հնարավոր մարտահրավերների դիմագրավմանն ու հաղթահարմանը: