չորեքշաբթի, 23 հոկտեմբերի 2013
Ազատականացվելու է Հայաստանի օդային փոխադրումների ոլորտը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում:
Ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ: Արդյունքում բացահայտվել է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա: Ստեղծվել է ծրագրի իրականացման աշխատանքային խումբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, հաստատվել խմբի կազմը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և կային տարբեր իրարամերժ մոտեցումներ, խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակը: «Որպեսզի այս ռազմավարական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ ճիշտ որոշում ընդունվի՝ հանրապետության նախագահի հանձնարարականով Ազգային մրցունակության խորհուրդը պայմանագիր կնքեց աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ Մաքքենզի ընկերության հետ, որը վարձեց աշխարհի լավագույն մասնագետներին, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար մշակի այս բնագավառի ռազմավարությունը, - նշել է վարչապետը: - Ռազմավարությունը երկու անգամ քննարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ, Մաքքենզիի կողմից ներկայացվել են մանրակրկիտ հաշվետվություններ, վերլուծություններ, նրանց մասնագետները մի քանի անգամ այցելել են Հայաստան և արդյունքում ծնվել է այն հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է ձեր դատին: Ըստ այս բնագավառի աշխարհի լավագույն մասնագետների՝ Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է համախառն ներքին արդյունքի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները դարձնելու է հարմարավետ և գները նվազելու են: Սրանք են հիմնական դրույթները, որոնք արտացոլված են այս ռազմավարության մեջ և նկարագրված են քայլերը, միջոցառումները, ժամկետները, թե ինչպես պետք է իրականացվեն այդ բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում: Մենք դեռևս հնարավորություն ունենք ևս հինգ օր աշխատել Մաքքենզիի մասնագետների հետ, որպեսզի առավելագույնս տեղայնացվի այս փաստաթուղթը և որպեսզի մենք կարողանանք այն դարձնել իրագործելի: Դրա համար խնդրում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ այս օրերին աշխատել էկոնոմիկայի նախարարի հետ և եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք կլինի՝ Մաքքենզիի մասնագետները լինելու են ձեր տրամադրության տակ և ձեզ տալու են լրացուցիչ բացատրություններ, խորհրդատվություն, թե ինչ քայլերով պետք է այս ծրագիրն իրականացնել»:
ՀՀ կառավարությունն իր ընդունած 12 որոշմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել 2002-2012թթ. ընթացքում ընդունված որոշումներում, որոնք վերաբերում են արտոնագրման գործընթացին: Բարդ ընթացակարգով տրվող արտոնագրերի կարգերում, որոնց գերակշիռ մասը հաստատվել է ՀՀ կառավարության որոշումներով, առկա են «Լիցենզավորման մասին» օրենքի դրույթների անհարկի կրկնություններ, ինչն անհիմն ծանրաբեռնում է օրենսդրությունը` իրավակիրառ պրակտիկայում հարուցելով լրացուցիչ խնդիրներ: Որոշումների ընդունմամբ ակնկալվում է արտոնագրման կարգերը թոթափել ավելորդ դրույթներից, շահագրգիռ անձանց համար ապահովել համապատասխան կարգերում զետեղված դրույթների իրացման և կիրառման մատչելիություն, համանման հարաբերությունների կարգավորման միասնական մոտեցումներ` բացառելով իրավական տարբեր ակտերի հակասությունները:
Կարտադրվեն թուղթ և ստվարաթուղթ
Կառավարությունը թույլատրել է «Արկո Գոռ» ՓԲԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 17-ը: Աբովյանում գտնվող ընկերությունն իրականացրել է թղթի և ստվարաթղթի արտադրության ներդրումային ծրագիր, որի համաձայն տարեկան թողարկվելու է շուրջ 10.5 հազար տոննա բարձրորակ արտադրանք: Այժմ եղած 40 աշխատատեղին կգումարվի ևս 35-ը, աշխատակիցների միջին աշխատավարձը կկազմի 150 հազար դրամ:
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ՓԲԸ միջև կնքվելիք պայմանագրին, որի առարկան ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծումն է և գործունեության ծավալումը:
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունից: Որոշումը, որի ընդունման պահանջը ներկայացրել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, նպատակ ունի վերացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացթողումը և պետական կառավարման մարմինների անվանումը համապատասխանեցնել ներկայիս անվանմանը:
Փոփոխելով և լրացնելով նախկինում ընդունած բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները հաստատելու որոշման առաջին հավելվածի աղյուսակը, կառավարությունը բարելավել, կատարելագործել և հստակեցրել է վնասակար նյութերի արտանետումը նորմավորելու (սահմանափակելու) գործընթացը:
Կառավարությունն իր նիստում փոփոխություն է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը երկարաձգել է մի շարք ջրօգտագործող ընկերությունների հատկացված ավելի քան 61 և կես միլիոն դրամ անտոկոս փոխառության մարման ժամկետը:
Գործադիրը սահմանել է Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը անվճար տալու դեպքերը: ՀՀ վերադարձի վկայականի տրամադրումը որպես հյուպատոսական ծառայության տեսակ ունի այն առանձնահատկությունը, որ այդ փաստաթղթի միջոցով իրացվում է ՀՀ քաղաքացու` իր հայրենիք վերադառնալու իրավունքը: Որոշումը սահմանում է 0-ական դրույքաչափ կիրառելու լայն շրջանակ` ներառելով սոցիալական, տարիքային, իրավական և այլ խմբեր:
ՀՀ օրենսդրության համաձայն Հայաստանում ապաստան ստացած փախստականներին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Հայտնի իրադարձությունների պատճառով Սիրիայից Հայաստան ժամանած և ապաստան ստացած փախստականների թվում կան մինչև 16 տարեկան անձինք, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` Սիրիայի քաղաքացի, որը դեռ չի ժամանել ՀՀ: Նման պայմաններում մինչև 16 տարեկան փախստականը չի կարողանում ձեռք բերել իր անձը հաստատող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և օգտվել ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված իրավունքներից: Որոշմամբ լուծում է տրվել նման անձանց փաստաթղթավորման խնդրին:
Իր նիստում կառավարությունը լրացումներ է կատարել նույնականացման քարտ կարդացող սարքերը բաշխելու որոշման մեջ: Հետայսու ՀՀ կառավարության միջոցների հաշվին ձեռք բերված նույնականացման քարտ կարդացող սարքերն ինքնարժեքով կարող են տրամադրվել նաև ֆիզիկական անձանց` ապահովելով մասնակիցների հասանելիությունն իրենց կենսաթոշակային հաշիվներին:
Ներդրվում է ստուգման նոր համակարգ
ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշման մեջ: Հաշվի է առնվել այն իրողությունը, որ մի շարք ստուգող մարմիններ արդեն ներդրել են ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը: Նրանց համար վերացվել է ստուգման արգելքը, որը մտցվել էր 2009 թվականին, տեսչական բարեփոխման շրջանակում, որի համաձայն մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներում արգելվում է ստուգում անցկացնելը:
Երևանում անցկացվելիք «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը. տեղեկատվական ասպեկտ» միջազգային գիտաժողովը կազմակերպելու համար կառավարության որոշմամբ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել մոտ 2.5 մլն դրամ: Գիտաժողովը նվիրված է աշխարհաքաղաքական ու տնտեսական մրցակցության, տարածաշրջանային հակամարտությունների պայմաններում քաղաքական և տեղեկատվական ազդեցության ու հակազդեցության նպատակների, մեթոդների, տեխնոլոգիաների քննարկմանը:
Վերաբաշխում կատարելով 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է շուրջ 14 մլն դրամ, որից 5 միլիոնը` կառավարման ապարատի կահույքի և տեխնիկայի ձեռքբերման, 9 միլիոնը` Երևանի պարարվեստի քոլեջի ջեռուցման համակարգի կառուցման համար:
Գործադիրը «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Երևանի «Սպարտակ» մարզահամալիրի ատլետիկայի տանիքի հիմնանորոգման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է մոտ 30 մլն դրամ: Եվս 15 մլն դրամ է տրամադրվել Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիային` 2013թ. հոկտեմբերի 27-ից 30-ը Երևանում անցկացվելիք բալկանյան երկրների միջոցառման կազմակերպման ու անցկացման նպատակով:
Հաստատվել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը և այն իրականացնող կազմակերպությունների ցանկը: Որոշման ընդունմամբ ստեղծվում է համապատասխան ենթաօրենսդրական դաշտ` «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրառման համար: Հաջորդ որոշմամբ հաստատվել է նշված օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը:
Կառավարության որոշմամբ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրվել է տաս տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու թույլտվություն: ՊՈԱԿ-ն իրեն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված շենքից, որը գտնվում է Երևանում, 12.45 քառ. մետր տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության է հանձնելու «Անուբիս» ՍՊԸ-ին: Վարձակալությունից գոյացած վարձավճարն ուղղվելու է ՀՀ պետբյուջե: Գործադիրը կայացրել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևանի Սևանի փողոցում գտնվող անշարժ գույքը մրցույթով օտարելու որոշում: Գույքի նվազագույն գինը սահմանվել է մոտ 4.5 մլն դրամ: Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
Գործադիրը թույլատրել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմին ամրացված Երևանի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (կաթսայատուն և ենթակայան), ինչպես նաև 71 միավոր մեքենաներն ու սարքավորումներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Բիզնես պլաս» ՍՊԸ-ին: Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:
Կստեղծվի դատական իշխանության նոր մարմին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հնարավորինս անկախ և ինքնակառավարվող դատական իշխանության նոր մարմին` դատավորների խորհուրդ, դատավորների միջև գործերի բաշխման նոր, արդյունավետ համակարգ, ներդնել դատարանների և դատավորների կողմից հաշվետվության պարտադիր ներկայացման սկզբունքը, դատարանի նախագահներ նշանակել սահմանափակ ժամկետով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում առավել կապահովվեն միգրանտների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ:
Նիստում հավանություն է տրվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչի պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է դրոշմապիտակների միջոցով կանխարգելել և նվազեցնել կրիչների ստվերային շրջանառությունը և դրա հետ կապված ստվերային գործարքները:
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կառավարությանը լիազորություն տալ սահմանելու կարգապահական հանձնաժողովի քննությանը ենթակա կարգապահական կոպիտ խախտումների շրջանակը:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Արա Բաբլոյանն օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել են փոփոխություններ և լրացումներ կատարել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում` Հայաստանում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ արգելելով ծխախոտի օգտագործման գործողության ցուցադրումը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանելով այդ դրույթի խախտման համար: Օրինագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Կառավարությունը քննարկել է «հարկերի մասին» և «Բյուջետային համակարգի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հարկի դրուքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքներն ընդունվելու տարվան հաջորդ ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից: Գործադիրը գտնում է, որ փաթեթում ընդգրկված առաջին օրինագիծը լրամշակման կարիք ունի, իսկ երկրորդը փաթեթից անհրաժեշտ է հանել: Հավանություն է տրվել կառավարության համապատասխան եզրակացության նախագծին:
Գործադիրը քննարկել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը: Նրանք առաջարկում են նշված օրենքի «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով: Կառավարությունը մինչ այդ արդեն ԱԺ էր ներկայացրել օրենքը փոփոխելու օրինագիծ, որի քննարկման ժամանակ էլ հնարավոր կլինի անդրադառնալ պատգամավորների մտահոգությանը:
Նիստում քննության է առնվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով նախագծի ընդունումը թելադրված է քաղաքացիաիրավական հարաբերությունների առավել հստակ կարգավորման, քաղաքացիական իրավունքի սուբյեկտների բոլոր իրավունքների և օրինական շահերի ապահովման անհրաժեշտությամբ: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Այնուհետև նիստում քննարկվել է ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Պատգամավորն առաջարկում է ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը ներմուծելու համար մշտական բնակության նպատակով ՀՀ-ում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրվա ժամկետային սահմանափակումը փոխարինել հաջորդող 360 օրով, ինչը կառավարությունը նպատակահարմար չի համարում:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են երեք և ավելի երեխա ունեցող մայրերի համար կենսաթոշակի իրավունք տվող տարիքը և ստաժի համար սահմանված օրացուցային տարիները պակասեցնելու ճանապարհով խրախուսել բազմազավակությունը: Կառավարությունն իր եզրակացությամբ մատնանշել է նախագծի անընդունելի դրույթները և նպատակահարմար չի համարել դրա ընդունումը:
Գործադիրը բացասական եզրակացություն է տվել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով նշված օրենսգրքի հոդվածներից մեկը հնարավորություն է տալիս ճնշել խոսքի ազատությունը և կաշկանդել լրատվամիջոցների գործունեությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունն ընդունել է երկրի մի շարք համայնքների ղեկավարների, ավագանու անդամների 2013թ. նոյեմբերի 17-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:
Գործադիրը որոշել է վաղաժամկետ դադարեցված համարել Արարատի մարզի Ավշարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը, նշանակել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, ֆինանսավորել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը:
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել Աբովյանի «Կոտայք» ՍՊԸ-ին տրված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման ու մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը:
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի փոխարեն ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արթուր Սարգսյանը, ինչը պայմանավորված է Վարդան Արամյանին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու հանգամանքով:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: