ուրբաթ, 25 հոկտեմբերի 2013
Վարչապետը հանդիպել է Չեխիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ուղղություններով: «Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան զարգացման բարձր մակարդակ ու մեծ փորձ ունի, և մենք շահագրգռված ենք այդ բնագավառներում համագործակցության խորացմամբ», - նշել է վարչապետը:
Իր հերթին դեսպանն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանը համարում է իր բարեկամը և շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ բոլոր ոլորտներում: Նա շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և ջերմ վերաբերմունքի համար:
Կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին հայ-չեխական համագործակցության ինտենսիվ զարգացման կապակցությամբ: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական կապերի աշխուժացումը և նոր ոլորտների բացահայտումը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը: Այս համատեքստում դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է չեխ գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իվան Եստրաբին հայ-չեխական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: