հինգշաբթի, 1 մարտի 2001
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հաստատեց «Աղքատության նվազեցման միջանկյալ ռազմավարական ծրագիրը», որի մշակման աշխատանքները սկսվել էին դեռևս անցյալ տարվա կեսից: Ծրագրում առանձին բաժիններով ներկայացված են երկրում առկա աղքատության նկարագիրը, աղքատության նվազեցման ռազմավարության հիմնական տարրերը, ծրագրի կենսագործման մեխանիզմները, ակնկալվող արդյունքները: Վերջիններիս մեջ նշվում են ներդրումային միջավայրի բարելավումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը, տնտեսության, այդ թվում մասնավորեցված ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի ծավալումը, անապահով խավերի նպատակային օժանդակության կատարելագործումը:
Քննարկման արդյունքում կառավարությունը հետագա լրամաշակման ուղարկեց կրթության և գիտության նախարարության ներկայացրած «Կրթության զարգացման պետական ծրագիրը (2001-2005 թթ.»: Վարչապետը հանձնարարեց լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնել ծրագրով նախատեսված մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում՝ 11-ամյա միջնակարգ ընդհանուր կրթության անցման վերաբերյալ:
Նիստում ընդունվեցին կրթության և գիտության բնագավառներում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման մասին որոշումներ: Նշվեց, որ ներկա իրավիճակում հնարավոր է եղել առանձնացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և առաջ բերել նշված ոլորտներում նախկինում կուտակված պարտքերի մարման ժամկետները: Ներկա հատկացումները կուղղվեն ինչպես աշխատավարձերի, այնպես էլ այլ ծախսերի գծով պարտքերի վճարմանը:
Երկու այլ որոշումներով կառավարությունը հաստատեց պետության կարիքների համար կենտրոնացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը, ինչպես նաև պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումները:
Նիստում հավանության արժանացավ «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան», որը բխում է գործող մաքսային օրենսգրքի պահանջներից: Փաստաթղթով մանսավորապես, սահմանվում են մաքսային նպատակներով ներկայացվող անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ստուգման, մաքսային զննման, վերջինիս ընտրողականության, ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության իրականացման, մաքսային հսկողության այլ ձևերի իրականացման մեթոդիկան:
Կառավարությունը հաստատեց մաքսատուրքի վճարումից ազատվող՝ առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը:
Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքով սահմանվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, բնագավառի ազգային համակարգի կազմակերպաիրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ոլորտի զարգացման պետական երաշխիքները: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով: