երեքշաբթի, 29 հոկտեմբերի 2013
Վարչապետը շնորհավորել է հայ ոսկերիչներին մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Ոսկերչի ազգային օրվա շրջանակում անցկացվող «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ոսկերչի ազգային օրվա կապակցությամբ: ՀՀ կառավարությունը, գնահատելով ոսկերիչների դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով հայ ոսկերիչների խնդրանք-դիմումը, հոկտեմբերի վերջին կիրակի օրը սահմանել է որպես հայ ոսկերչի մասնագիտական տոն: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը շեշտում է, թե որքան կարևոր է մեզ համար այս ոլորտը, որը համարում ենք տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը: Ցանկանում եմ շնորհավորել այս հիասքանչ միջոցառման բոլոր մասնակիցներին, ցանկանալ հաջող և բեղմնավոր աշխատանք:
Հայ ոսկերիչներն ունեն դարերից եկող գեղեցիկ ավանդույթներ, և դա մեր ազգային հարաբերական առավելությունն է, որը պարտավոր ենք օգտագործել: Մենք ունենք տաղանդավոր ոսկերիչներ, աշխարհահռչակ գործարարներ, ինչը վկայում է այն մասին, որ այս բնագավառում տաղանդաշատ հայ ժողովուրդը կարող է մրցակցել և հասնել լուրջ հաջողությունների: ՀՀ կառավարությունը Հայ ոսկերիչների համաշխարհային միության հետ ստորագրել է պայմանագիր, որով մենք հիմք ենք դրել պետություն – մասնավոր համագործակցության համար և ստանձնել փոխադարձ պարտավորություններ: ՀՀ կառավարությունն ստանձնել է ոսկերչությունը որպես գերակա ուղղություն դիտարկելու և ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու պարտավորություն: Այդ առումով ազատ տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում ոսկերչության զարգացման համար:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ հավաստիացնել, որ ի դեմս ՀՀ կառավարության դուք ունեք հուսալի գործընկեր: Պատրաստ ենք համատեղ ջանքերով ոլորտը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ հայ ժողովուրդը շարունակի հպարտանալ այն հաջողություններով, որ ունեցել ենք և պետք է ունենանք»:
Այնուհետև վարչապետ Սարգսյանը զրուցել է տարբեր երկրներից ժամանած հայ ոսկերիչների հետ, նրանց հետ մտքեր փոխանակել ոլորտում իրականացվող ծրագրերի, զարգացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ:
«Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 28-ին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը: Ամենամյա այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության հանրահայտ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ Հայաստանից և ավելի քան երկու տասնյակ երկրներից։