շաբաթ, 2 նոյեմբերի 2013
ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ տնտեսության զարգացման միտումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի հաստատումից հետո Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա տնտեսական իրավիճակի հիմնական ցուցանիշները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանքահումքային արդյունաբերությունում, ինչպես նաև վերամշակող արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում արձանագրվել են աճի բարձր տեմպեր պետության աջակցությամբ ու մասնավոր ներդրումներով տարբեր ծրագրերի իրականացման շնորհիվ: «Ուրախալի է, որ բարձրացել է վերամշակող արդյունաբերության որակը, և ավելացել է արտահանման ծավալը: Դա վկայում է այն մասին, որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում մշակված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը դրական արդյունքներ է տալիս», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով 2013 թ. տնտեսական ակտիվության ավելի ցածր ցուցանիշների պատճառների մասին՝ վարչապետը նշել է. «Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական խոչընդոտը շինարարության ոլորտն է: 2013 թ. առաջին ութ ամսվա վիճակագրական տվյալներով՝ ոլորտում ունենք 8.5 տոկոս անկում, իսկ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 12 տոկոս: 2014 թ. շինարարության ոլորտը լինելու է մեր առաջնային թիրախը, և մենք մշակում ենք ծրագրեր, որպեսզի էապես խթանենք ոլորտը: Խոսքը, մասնավորապես, հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերման և էկոնոմ դասի բնակարանաշինության ծրագրերի մասին է»:
2014 թ. տնտեսական աճի խթանման և բիզնես միջավայրի բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից նախատեսված միջոցառումների շարքում վարչապետ Սարգսյանը կարևորել է ավիացիայի ոլորտի ազատականացման քաղաքականության որդեգրումը, վենչուրային հիմնադրամի ստեղծումը, արտահանման ապահովագրական ընկերության, արդյունաբերական հիմնադրամի և «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատանքները: Վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը երեք կետով առաջ է անցել՝ զբաղեցնելով 37–րդ տեղը, և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները շարունակական են լինելու։ Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է աղքատության հաղթահարման ուղղությամբ պետության որդեգրած սոցիալական նոր քաղաքականությանը, կենսաթոշակային բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել դրանց վերաբերյալ:
Նիստի օրակարգի շրջանակում խորհուրդը քննարկել և հաստատել է նախորդ նիստի արձանագրությունը, ՀԱՄՀ 2014 թ. տարեկան ծրագիրը և բյուջեն, անդրադարձել միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՄՀ համագործակցությանը և ապագա ծրագրերին: