հինգշաբթի, 7 նոյեմբերի 2013
Սահմանվել է մաքսային ծառայության բարեփոխման ռազմավարությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները և մեթոդներն արտացոլված են ռազմավարական փաստաթղթում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային այս փաստաթուղթ և առաջարկել է մեկ-երկու օրվա ընթացքում լրամշակել այն:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կենտրոնի իրականացնելիք խնդիրներից են մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներին, հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանը, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը, մասնագետների պատրաստումը և այլն:
Կնքվում են ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր
Նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման և «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրերի նախագծերին: Դրանց համաձայն կենսագործունեութան մի շարք ոլորտների բարեփոխմանն է ուղղվելու 72 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնության կիրառման կարգը, կարգավորել եկամտային հարկի վճարման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-Հայաստանի Հանրապետության անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների մատուցման միջոցառումների ծրագիրը,
-ՀՀ սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական նպատակը սերմերի որակի ստուգման և սորտափորձարկման միջոցների ձեռնարկումն է, բերրիության փոփոխության բացահայտումը և վատթարացման կանխումը,
-ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը, որով ստեղծվում են հավաքածուի կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերի պահպանության, հանրահռչակման և սերունդներին փոխանցելու նախադրյալները:
Կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. նոյեմբերի 27-ը: Ընկերությունը դեռ անցյալ տարի ճանաչվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող, ներմուծել է սարքավորումներ, որոնց շահագործումը շարունակվելու է նաև այս տարի, ուստի առաջացել է որոշման ընդունման անհրաժեշտությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը, ինչպես նաև միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ հիմնադրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև տարեվերջ:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի համաձայն ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները տեղերում փակցնելուց բացի պարտադիր պետք է տեղադրվեն նաև համապատասխան նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի պաշտոնական կայքերում, ինչպես և համացանցային կայք ունեցող համայնքապետարանների կայքերում, այն համայնքապետարանների համացանցային կայքերում, որոնք կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ապահովելով թափանցիկ և հրապարակային գործընթացը:
Կառավարության հաջորդ որոշումն ուղղված է ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսական ծանր վիճակի բարելավմանը: Հիմնական եկամտի բացակայության պատճառով ինստիտուտը չի կարողանում պետբյուջե փոխանցել պետական շահութաբաժնի պարտավորության մի մասը: Որոշումը կազմակերպությանն հնարավորություն է տալիս մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կատարել իր պարտավորությունը:
Բարելավվում են կրթական հաստատությունների պայմանները
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 6 մլն դրամ` 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտություն կատարելու նպատակով: Այդ շենքերի երկարամյա շահագործման և ֆիզիկական մաշվածության հետևանքով առաջացել է նորոգման հույժ անհրաժեշտություն, խաթարված է ուսումնական բնականոն գործընթացը:
Եվս մեկ վերաբաշխում է կատարվել ընթացիկ տարվա պետբյուջեում, փոփոխվել և լրացվել է կառավարության նախկին որոշումներից մեկը. նոր փաստաթղթի նպատակն է 2013թ. ավարտել ազատամարտիկների գերեզմանների կառուցումն ու բարեկարգումը, ինչպես նաև արագ թափ հաղորդել Երևանի ռազմական ինստիտուտի տարածքում ուսումնական ակադեմիայի մասնաշենքի կառուցմանը և Չոբանքարայի և Խաչիկ գյուղի շենքերի նորոգմանը:
Կառավարության որոշմամբ Երևանի Պ. Սևակի փ. 11 հասցեում գտնվող մարզադահլիճը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին, որը վերջին հինգ տարում կատարել է շուրջ 38 մլն դրամի չափով ներդրում և անվճար մարզել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին և Լ. Արիսյանի անվան դպրոցի աշակերտներին: Հիմնադրամի բարեխիղճ գործունեության շնորհիվ մարզվել ցանկացողների թիվն ավելացել է:
Գործադիրը որոշել է «Գյումրու N 33 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ին: Այժմ ավագ դպրոցն ունի ընդամենը 102 աշակերտ: Ակնկալվում է, որ վերակազմակերպման շնորհիվ կրթօջախը կկարողանա մեծացնել աշակերտների թիվը և կազմակերպել ուսումնական պատշաճ գործընթաց:
Այլ հարցեր
Ի կատարումն ՀՀ նախագահի 2013թ. նոյեմբերի 6-ի «2013թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել դրանց կազմերը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է նպաստել սույն գործընթացի էթիկական նորմերի պահպանմանը` փոխպատվաստման հարցերի էթիկայի հանձնաժողովի միջոցով երաշխավորելով փոխպատվաստման դեպքերի հիմնավորվածությունը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 11.5 մլն դրամ` ս.թ. առաջին եռամսյակում սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետբյուջեի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետտուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը: