ուրբաթ, 22 նոյեմբերի 2013
Քննարկվել են հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման ուղղությունները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Էլ-Քուվեյթի նահանգապետի այցը մեր երկիր կխթանի հայ-քուվեյթյան հարաբերությունների ամրապնդմանը: «Վերջին շրջանում մեր երկկողմ ծրագրերը նոր թափ են ստանում: Հայաստանը շահագրգռված է Քուվեյթի հետ փոխգործակցության ընդլայնման և վերամշակող ձեռնարկությունների ստեղծման ու ներդրումային այլ ծրագրերի իրականացման գործում»,- ասել է կառավարության ղեկավարը:
Իր հերթին, Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և նշել, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ կապերի սերտացումը և պատրաստակամ է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցության զարգացմանը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն անցնում է «Բաց երկնքի» քաղաքականությանը: Այդ համատեքստում վարչապետն Էլ-Քուվեյթի նահանգապետի հետ քննարկել է երկկողմ ուղիղ չվերթերի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու Հայաստանի և Քուվեյթի ավիացիոն բնագավառների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում էլ քննարկվելու է վերը նշված հարցը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-քուվթյեյան միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքներին և հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: