Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 դեկտեմբերի 2013

Տնտեսվարող սուբյեկտին հնարավորինս քիչ անհարմարություն պետք է պատճառվի








 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային. «Նախորդ շաբաթ «Վաղարշ և որդիներ» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել: Սա առաջին դեպքը չէ, դրա համար եմ ես անդրադառնում այս խնդրին: Ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, և բողոքի պատճառները շատ տարբեր են: Ես ծանոթացել եմ տեղեկանքի հետ, որն ինձ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը: Այն տեղեկատվությունը, որը զետեղված է այդ տեղեկանքի մեջ, բացարձակապես չի համապատասխանում ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը: Միևնույն ժամանակ, տեսչության պետն ինձ հայտնեց, որ պետական ծրագրով դեկտեմբերի տասին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում: Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ տեսչական ստուգման ժամանակ նվազագույնի հասցնենք տնտեսվարող սուբյեկտին պատճառվող անհարմարությունները: Հաշվի առնելով այս հանգամանքը, մեր տարբեր տեսչական մարմինների գործողությունները պետք է համադրելի դարձնենք, որպեսզի այնտեղ հաճախակի ստուգում չանենք:
Բողոքները, որ ստանում ենք ոսկու շուկայի աշխատակիցներից կամ հաճախորդներից, շատ բազմազան են ` սկսած աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային և սանիտարական վիճակից. հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև յոթ հազար մարդ է աշխատում ոսկու շուկայում, որտեղ մենք պետք է զգուշավոր լինենք և շատ լավ պետք է պատկերացնենք, թե ինչ խնդիրների ու ռիկսերի ենք առնչվում: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին և գործակալություններին, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումը, որ ծրագրված է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան ստուգման մեկ գործընթացի հետ, և մենք վերջնականապես հասկանանք, թե ինչու են մեր քաղաքացիները պարբերաբար բողոքում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր կան, ինչու են պարբերաբար մեր քաղաքացիները բողոքում: Մենք մեր քաղաքացիներին հրապարակայնորեն տեղյակ կպահենք ստուգման արդյունքներին, բացահայտումներին ու այն ռիսկերին, որոնք ցավոք սրտի դրսևորվում են` առաջացնելով նրանց արդարացի դժգոհությունը»:

Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:


ՀՀ 2014թ. պետբյուջեի ընդունման գործընթացը մոտենում է վերջնագծին


Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին 2013թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում առաջարկվել է ընդգրկել 2014թ. պետբյուջեի քննարկման շարունակությունը, «Պետական կենսաթոշակների մասին», «Զբաղվածության մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը:
ՀՀ պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինները, անկախ հանձնաժողովների ղեկավարները պետք է քննության առնեն նշված փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում մինչև 2013թ. դեկտեմբերի 13-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն հիմնավորված առաջարկություններ առաջարկված ցուցանիշները լրամշակելու վերաբերյալ, ինչպես նաև 2014թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկերը:
ՀՀ կառավարությունը հաստատել է էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման կարգը, որի համաձայն ՀՀ www.armeps.am կայքի միջոցով իրականացվող էլեկտրոնային գնումների համակարգի բարեփոխման շրջանակում նախատեսվում է 2014թ. հունվարի 1-ից ՀՀ հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից բաց ընթացակարգով և շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումն իրականացնել էլեկտրոնային ձևով:

 

 ԿԲ-ն կվարի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրությունը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում ԿԲ-ին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը:
Կառավարության հավանությունն է ստացել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը թելադրված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում կարևորված բնակելի շինարարության խթանման և գործարար միջավայրի բարելավման պահանջով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի տնտեսական եղանակով կառուցել անհատական բնակելի տներ, օժանդակ կառույցներ, ՓՄՁ գործունեության օբյեկտներ` տնտեսելով նախահաշվային արժեքի 35 տոկոսը և նպաստելով քաղաքաշինության բնագավառի տնտեսության էական աճին: «Սա այն կարևորագույն նախաձեռնություններից է, որը բարելավելու է բիզնես միջավայրը, - շեշտել է վարչապետը: - Քանի որ մենք շինարարության ոլորտում հետընթաց ունեցանք, շինարարական գործընթացները մեզ մոտ երկար են տևում և ծախսատար են: Մի օրենսդրական նախաձեռնություն էլ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է ներկայացրել, որն Ազգային ժողովում է, և մենք նաև ներառեցինք արտահերթ նիստի օրակարգ. այն նույնպես ոլորտի շինթույլտվությունների հետ կապված ժամկետների կրճատում և պարզեցում է բերելու, ինչպես այս նախաձեռնությունը»:
Նիստում քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա առաջադեմ է 50 և ավելի տարի գործող ստեղծագործական միությունները գրանցելիս պահպանել «ստեղծագործական միություն» անվանումը և իրավահաջորդությունը: Կառավարությունը նպատակահարմար է համարել նշված կազմակերպությունների անվանումներում սահմանել «ստեղծագործական միություն» բառերի օգտագործումը` պահպանելով «հասարակական կազմակերպություն» իրավական ձևը (օրինակ` «Հայաստանի գրողների ստեղծագործական միություն» հասարակական կազմակերպություն): Մատնանշվել են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնները չպահպանելու օրինակներ: Գործադիրը նախագիծն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկության ընդունման դեպքում:
Քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաև չաշխատող ծնողներից մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա): Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը, քանի որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:


Հաշվի են առնվում պարտադիր կուտակային բաղադրիչի հաշվարկման առանձնահատկությունները


2014թ. հունվարի 1-ից սկսում է գործել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որի հաշվարկման հիմքում դրված են «բազային եկամուտ» և «պայմանագրային եկամուտ» հասկացությունները: Հաշվի առնելով պարտադիր կուտակային վճարների հաշվարկման առանձնահատկությունները, անհրաժեշտ է հստակեցնել դրա բազայի որոշ մեխանիզմներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում` սահմանելով իրավական այն հիմքը, որով հարկային մարմինները կհաշվարկեն բազային և պայմանագրային եկամուտները, ինչպես նաև պարտադիր կուտակային վճարները:
Հաջորդ որոշմամբ սահմանվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքը, ապրանքն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրման կարգը, որը կգործի 2014թ. հունվարի 1-ից:
Կառավարության որոշմամբ կիրառության մեջ են դրվել Հայաստանում արտադրվող և Հայաստան ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2014» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշները: Սահմանվել է, որ «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշների առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք արտադրողներին և ներկրողներին կարող են տրամադրվել նաև «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ:
Գործադիրը 2013թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 11.5 մլն դրամ` Երևանի Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքի վերակառուցման և ներքին հարդարման, ինչպես նաև շուրջ 20 կրթական, մարզական և մշակութային օբյեկտների տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքի իրականացման նպատակով:


Եվրամիությունը կաջակցի միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ձևավորմանը


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (ՄԿՀՄ)» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ծրագրի հիմնական նպատակներից է ՄԿՀՄ-ի, վերջինիս տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպության (ՏԱԿ) և միջուկային և ռադիացիոն անվտանգության աջակցության կենտրոնի (ՄՌԱԱԿ) հզորացումը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքով հավելյալ արևմտյան մեթոդաբանություն և գործելակերպ կներմուծվի նախանշված բնագավառները: Ծրագրի ընդհանուր արժեքն է 1 մլն եվրո, իրականացման ժամկետը` 96 ամիս:
Կառավարությունն իր նիստում հաստատել է «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություն սահմանելու մասին» օրենքով սահմանված արտոնության կիրառման կարգը: Մինչ օրս արտոնության կիրառության համապատասխան ընթացակարգ սահմանված չէր:
Գործադիրը հաստատել է ՀՀ հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը: Դրա իրականացումը հնարավորություն կտա ունենալ երկրի 170 համայնքի հողերի սննդատարրերով ապահովածությունն արտացոլող ագրոքիմիական քարտեզներ և մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որոնց միջոցով պարարտանյութը խնայողաբար և նպատակային կօգտագործվի, կբարձրանան հողի բերրիությունը և մշակաբույսերի բերքատվությունը:
Կառավարությունն ընդունել է «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» ՓԲԸ-ների մասնավոր կառավարման գործընթացի շարունակությունն ապահովելու որոշում: Դրա իրականացմամբ կբարելավվեն բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները, կարդիականացվեն ջրատեխնիկական կառուցվածքները, ավելի արդյունավետ կօգտագործվի խմելու ջուրը:


Կառավարության աշխատակազմում ստեղծվում է հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին


Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ և ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին: Դրա անհրաժեշտությունը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2011թ. արդյունքի մոնիտորինգի առաջին կիսամյակի հաշվետվությունից: Բաժինը կհամալրվի կառավարության աշխատակազմի թափուր հաստիքային միավորների հաշվին` առանց ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման: Նույն որոշմամբ աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը վերակազմակերպվել է բաժնի:
Նիստում լրացում է կատարվել կառավարության նախկին որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմում ստեղծվել զորահավաքային նախապատրաստության բաժին: Հաստիքները համալրվում են նախարարության աշխատողների թվաքանակի սահմանում:
Կառավարությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին թույլատրել է «Glob Education (GB) LTD» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության հետ մասնակցելու «Հայաստանի բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ հիմնադրմանը: Վերը նշված ՍՊԸ-ի գործընկերները բրիտանական չորս բուհեր են, որոնցից Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանը համագործակցելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ: Համատեղ բիզնես դպրոցի մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է անգլերեն: Ծրագիրն հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրոսի դիպլոմ:
Կառավարության որոշմամբ Վեդի քաղաքում համապատասխան տարածք է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման համար:
Լսողության խնդիր ունեցող անձանց պետական հավաստագիր տրամադրելու միջոցով եվրոպական արտադրության լսողական սարքեր ձեռք բերելու նպատակով կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 8 մլն դրամ:


Այլ հարցեր


ՀՀ կառավարության որոշմամբ «Ապառաժ» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել սահմանված տեսակների և քանակի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք երկրում չեն արտադրվում և կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության բոլոր սոցիալական աշխատողներին շնորհավորել է իրենց մասնագիտական տոնի առթիվ, մաղթել նոր հաջողություններ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ