չորեքշաբթի, 11 դեկտեմբերի 2013
Վարչապետը հանդիպել է հանրահայտ ջութակահար Պինկաս Ցուկերմանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր և մենակատար:
Հյուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ համերգի կազմակերպմանը ցուցաբերած պետական աջակցության համար: Փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրել է, որ անվանի ջութակահարի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համատեղ գալահամերգի կազմակերպման հարցը:
***
Պինկաս Ցուկերմանն արդեն 14 տարի Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախմբի երաժշտական տնօրենն է, 4 տարի՝ Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 2009թ.՝ «Ցուկերման կամերային կատարողներ» համույթով, իսկ 2010 թ. ընդունել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես գալու հրավերը: Աշխարհահռչակ երաժշտի առաջին ուսուցիչը եղել է հայազգի Իվան Գալամյանը: