Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 հունվարի 2014

Երկրի պաշտպանությունը հասարակության ուշադրության կենտրոնում է









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, կառավարության ղեկավարը խոսքը տվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի նա տեղեկություն տա վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի շուրջ: «Նախարարը երեկ մասնակցում էր նաև մեր հերոս զինվորի հուղարկավորության արարողությանը, ու նաև դրանով պայմանավորված հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում այդ խնդիրը, - հավելել է վարչապետը: - Ցավով պետք է նշենք, որ հաճախ լինում են մեկնաբանություններ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն, ուստի պաշտպանության նախարարի պարզաբանումը, կարծում եմ, բոլորիս համար օգտակար կլինի»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան. «Պարոն վարչապետ, տեղեկացնեմ, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հատուկ ստորաբաժանումների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո, երբ հակառակորդը կրեց կորուստներ, տվեց զոհեր, վիրավորներ և հետ քաշվեց, իհարկե, մեր դիրքապահ զինծառայողների և կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների և անձնուրացության շնորհիվ, Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա: Այն արտահայտված է կրակոցներով և նաև որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք: Նաև կրակոցներով արտահայտված որոշակի լարվածություն կա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանում: Գիտեք, որ մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն նպատակային և դիպուկահարների կրակոցներին: Այսօր իրավիճակը շփման գծում և մեր սահմաններում վերահսկելի է, մեր դիրքապահները իրենց խնդիրը կատարում են ամենօրյա զգոն ռեժիմի համաձայն և մեր ժողովուրդը որևէ մտավախություն չպետք է ունենա, որովհետև մեր զինծառայողները, ինչպես կատարել են իրենց խնդիրները, այնպես էլ պատշաճ կերպով կատարում են»:

 


Սոցիալապես խոցելի խավերը փոխհատուցում կստանան սպառված գազի դիմաց
 

Հիշեցնելով, որ կառավարությունը սոցիալապես խոցելի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերում սպառված գազի դիմաց, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է, նրանց համար 1 խորանարդ մետր գազի գինը մնալու է 100 դրամ: «Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ 1 խորանարդ մետրի համար, և 32 դրամը մենք հատուցում էինք: Հիմա այդ գինը դարձել է 156 դրամ 1 խորանարդ մետրի համար: Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք 56 դրամը նրանց փոխհատուցել: Դրա համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարվում է պատրաստել կառավարության համապատասխան որոշում և մեզ ներկայացնել այն, որպեսզի շարունակենք սոցիալապես խոցելի խավերին օժանդակել, որպեսզի նրանց համար գազի գնի բարձրացում այդ 300 խորանարդ մետրի համար տեղի չունենա և շարունակեն վճարել 100 դրամ: Մեկ շաբաթվա ընթացքում այդ որոշումն անհրաժեշտ է ներկայացնել», - շեշտել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով պետական կառավարման համակարգում աշխատանքային ծրագրերի կազմման, համակագչով կատարողականների գնահատման, կատարողականի հիման վրա պարգևատրման համակարգի ներդրման անհրաժեշտությամբ: Արված փոփոխությունները, որոնք, վարչապետի գնահատմամբ, նոր փուլ են նշանավորում այս գործում և շեշտադրում են կատարողականների որակը, ենթադրում են հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց ներգրավումը աշխատանքային ծրագրերի գնահատման մեխանիզմ:


Միջազգային համագործակցություն


ՀՀ կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, որի շնորհիվ յուրաքանչյուր նախարարություն և գերատեսչություն հստակ պատկերացում կստանա միջոցառումներին իր մասնակցության և դրույթների կատարման ժամկետների մասին, որպեսզի սահմանված կարգով իրագործի դրանք: Վարչապետն ասել է, որ խնդրին անդրադարձ է եղել նաև երեկ, աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խոսքը մասնավորապես վերաբերում է փաստաթղթերի խմբագրական շտկումներին: «Չափազանց կարևոր է, որ այս պահին բոլոր թարգմանությունները լինեն կոռեկտ, որովհետև ապագայում արդեն բոլոր այդ փաստաթղթերի տերմիններն օգտագործվելու են ըստ այն փաստաթղթի, որը մենք այսօր հաստատելու ենք: Դրա համար խնդրում եմ, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը մեծ ուշադրություն դարձնեն տերմիններին, և որպեսզի հետագայում նույնականության խնդիրը մենք ամբողջությամբ կարողանանք լուծել, որպեսզի ռուսերեն տարբերակները և հետագայում հայերեն տարբերակները համադրելի լինեն ամբողջությամբ: Երեկ խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ որոշ վերնագրերի շուրջ կան տարընթերցումներ, թե ճիշտ թարգմանությունն ինչպիսին է և ինչ տերմինաբանություն մենք պետք է օգտագործենք, որովհետև հայերենում այլ տերմիններ են օգտագործվում, քան ռուսերենում: Այս պահին ինչպես պայմանավորվենք, ապագայում այդ տերմիններն այդպես էլ օգտագործելու ենք: Դրա համար մենք պետք է զգույշ լինենք», - եզրափակել է վարչապետը:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետի և արտակարգ իրավիճակի ժամանակ մարդասիրական օգնության բեռի ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Գործադիրն իր որոշմամբ Ճապոնիայի դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներին փոխադարձության սկզբունքի հիման վրա ազատել է Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել 2013թ. համար Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս Վերականգնման վարկերի բանկից «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի համար ստանալու մինչև 2.5 մլն եվրո ֆինանսական օժանդակություն և մինչև 30 մլն եվրո արտոնյալ վարկ:
Կառավարության որոշմամբ բելգիական Քեյ Բի Սի Էն Վի բանկի աջակցությամբ իրականացվող ռադիոիզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծման նպատակով ներմուծված սարքավորումների մաքսազերծման ծախսի ֆինանսավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 332 մլն դրամ:


Օտարերկրյա բուհերում սովորողների համար կսահմանվեն հավասար պայմաններ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի` միայն կրթական կարիքները բավարարելուն:
Նիստում հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակով հաշվառման համակարգի շրջանակը` ներառելով նաև լայն սպառման այլ ապրանքատեսակներ: Դրոշմապիտակով համակարգի ներդրման շնորհիվ ստվերայնության նվազման ցուցանիշները, որոնք հրապարակել է ՀՀ ֆինանսների նախարարը, գոհացրել են վարչապետին: Նա անհրաժեշտ է համարել շարունակել աշխատանքը, որպեսզի մնացած ոլորտներում նույնպես էապես կրճատվի ստվերայնությունը: Օրինագծի գործողության ժամկետը պայմանավորված կլինի ԱԺ-ում դրա քննարկման ընթացքով և ընդունմամբ:
Գործադիրը քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել ուսանողության օր: Հաշվի առնելով այն իրողությունը, որ արդեն իսկ ընդունվել է մայիսի 16-ը ուսանողության օր սահմանելու առաջարկը, որն ավելի ընդգրկուն է և հիմնարար, կառավարությունը նպատակահարմար չի համարել ներկայացված օրինագծի ընդունումը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ պատգամավորների առաջարկը բովանդակային առումով համահունչ է անցած նիստի հավանությանն արժանացած առաջարկին, ուստի շնորհակալություն պետք է հայտնել նրանց: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ պատգամավորները կպաշտպանեն ԱԺ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:


Պետական գանձարանի պահուստը անձեռնմխելի կմնա


Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի ձևավորման, համալրման ու ծախսման ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգելու միջոցով անհրաժեշտության դեպքում արտադրական, ֆինանսական և այլ կարիքների բավարարման նպատակով ավելացվի պետբյուջեի եկամուտը: 2012-2013թթ. ընթացքում հրապարակային աճուրդի միջոցով նշված արժեքների իրացում չի իրականացվել միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով: ՀՀ ֆինանսների նախարարի հավաստմամբ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստից վաճառք առաջիկայում էլ չի նախատեսվում:
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվելու են հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների անցանելիության և երթևեկության անվտանգության ապահովմանը:

 

Կավելանան աշխատատեղերը և արտահանման ծավալները


ՀՀ կառավարությունը թույլատրել է «Գոլդեն ֆիլդ» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հուլիս ամիսը: Ընկերությունը 2007 թվականից սկսած զբաղվում է ավտոմեքենաների բարձր ճնշման գազի բալոնների արտադրությամբ: Ձեռնարկությունում աշխատում է 150 մարդ, արտադրանքի շուրջ 70 տոկոսն արտահանվում է: 2013 թվականին «Գոլդեն ֆիլդը» կնքել է արտահանման երեք խոշոր պայմանագիր, ինչը հնարավորություն կտա արտահանել արտադրված բալոնների ամբողջ քանակությունը:
Հաջորդ որոշմամբ մինչև 2015թ. սեպտեմբեր «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգման թույլտվություն է ստացել «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ն, որը, համագործակցելով մի շարք արտասահմանյան կազմակերպությունների հետ, վերջիններիս կարի ծառայություններ է մատուցում և այդ նպատակով արտադրություններ է հիմնել Երևանում, Վանաձորում, Ամասիայում: Անհրաժեշտ մեքենասարքավորումները ժամանակավոր օգտագործման նպատակով ներմուծվել են արտերկրից: Երկարաձգելով դրանց օգտագործման մաքսային ռեժիմի ժամկետը և ապահովելով աշխատանքի նպաստավոր պայմաններ, որոշման կատարմամբ հնարավորություն է ստեղծվում բացել նոր աշխատատեղեր, ավելացնել արտահանվող ապրանքների ֆիզիկական ծավալը:
 

Հստակեցվում են կենսաթոշակի վճարման մի շարք դրույթներ
 

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթներից: Որոշմամբ հստակեցվում են միաժամանակ մի քանի պետական կենսաթոշակի իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով, ինչպես նաև լիազորագրով վճարելու, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկելու կարգերը և այլն:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը առողջապահության ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման միջոցառումների կատարման փաստացի ժամկետը համապատասխանեցրել է իրավական ակտով նախատեսված ժամկետին և սահմանել մեկ իրավական ակտով համակարգի ներդրման միասնական ժամանակացույցը:
Հիմք ընդունելով Վայոց ձորի մարզի բժշկական հաստատությունների գործունեության հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն Եղեգնաձորի, Վայքի, մասամբ նաև Ջերմուկի բոլոր բաժանմունքները կրկնվում են և աշխատում խիստ ցածր ծանրաբեռնվածությամբ և արդյունավետությամբ, կառավարությունն իր որոշմամբ «Եղեգնաձորի ԲԿ» ՓԲԸ արտահիվանդանոցային ծառայությունը կենտրոնացրել է հիվանդանոցային մասնաշենքի տարածքում` ազատելով պոլիկլինիկայի մասնաշենքը, ինֆեկցիոն ծառայությունը նույն ՓԲԸ-ից տեղափոխել «Վայքի ԲՄ» ՓԲԸ: Որոշման նպատակն է դյուրացնել երկրի առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի իրականացումը, մեծացնել օպտիմալացման միջոցառումների արդյունավետությունը:
Կառավարության որոշմամբ «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի 7 հասցեում գտնվող անշարժ գույքը, որի նվազագույն գինը մոտ 70 մլն դրամ է, ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Իռ-Վինգ» ՍՊԸ-ին: Գնորդը պարտավորվում է հինգ տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում: Նախատեսվում է գույքն օգտագործել որպես բժշկական կենտրոն:


Ընդլայնվում է համալսարանական ինքնավարությունը


ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը դեռ մեկ տարի առաջ քննարկել է պետական համալսարանները ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպելու հարցը և եզրակացրել, որ այն բխում է Բոլոնյան գործընթացի պահանջներից և մեկ քայլ առաջ է համալսարանների ինքնավարության ապահովման տեսակետից: Խորհուրդը ողջունել է դեռևս 2012թ. այս ուղղությամբ կատարված առաջին քայլը, որով Հայաստանի պետական ագրարային համալսարանը վերակազմակերպվեց որպես հիմնադրամ: Կառավարության որոշմամբ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի է վերածվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Ակնկալվում է, որ նորաստեղծ հիմնադրամը ավելի մեծ հնարավորություն կունենա բարելավել կրթության որակը, ճկուն և արդյունավետ օգտագործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների, ավելացնել պետբյուջե մուծվող հարկերը:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով սահմանվել է, թե որ դեպքերում կարելի է հուշարձանը փոփոխության ենթարկել, ինչպես և ինչ ժամկետում, ինչ ընթացակարգով: Հուշարձանը կարող է փոփոխվել բացառիկ դեպքում, փոփոխման ընթացքը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, նսեմացմամբ կամ ոչնչացմամբ:


Այլ հարցեր


Կառավարությունը «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ Լոնդոնի համալսարանական քոլեջի սան Դավիթ Բունիաթյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև ուսումնառության ավարտը` 2016թ. ամառային զորակոչը:
Գործադիրը որոշել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Արթուր Սարգսյանին և Հովհաննես Մարտիրոսյանին:
Կառավարության որոշումներով 31 անձի մինչև ուսումնառության ավարտը տարբեր ժամկետներով տարկետում է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Նիստում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Կամո Ադամյանը:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ներկաներին ծանոթացրել է Բանակի օրվան նվիրված միջոցառումների ծրագրին: Մասնավորապես, հունվարի 26-ին ժամը 11-ին Սուրբ պատարագ է մատուցվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հունվարի 28-ի առավոտյան ժամը 10:30-ին այցելություն է նախատեսված Եռաբլուրի զինվորական պանթեոն և հիշատակի արարողություն, իսկ նույն օրը ժամը 17:00-ին` տոնական համերգ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ