երեքշաբթի, 25 հուլիսի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումները: Այդ մասին` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներակայացրած որոշման նախագծում տարբեր նախարարությունների առաջարկած 282 միջոցառումների համար սահմանված են միջոցառման նպատակը, կատարողները, ժամկետները, ֆինանսական ապահովվածությունը: Միջոցառումների այսպիսի հստակ ցանկ կառավարության որոշմամբ առանձին ներկայացնելը կառավարության գործունեության ծրագրի պահանջն է:
Ըստ վարչապետի, սա, ի տարբերություն կառավարության գործունեության ծրագրի, որտեղ ամրագրված են ծրագրային հիմնադրույթները, ընդհանուր սկզբունքները, առավել մանրամասնված, հասցեագրված, որոշակիացված աշխատանքային ծրագիր է: Առաջիկա նիստում այն կներկայացվի կառավարության հաստատմանը: Վարչապետն ընդգծեց կառավարության գործունեության այս հիմնական փաստաթղթի ընդունումից հետո, այն ամբողջությամբ հրապարակելու, այդպիսով կառավարության, ինչպես նաև առանձին նախարարությունների գործունեությունը թափանցիկ, հրապարակային և վերահսկելի դարձնելու անհրաժեշտությունը:
Քննարկման դրված որոշման նախագծով նախատեսվում է վարչապետին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել ցանկում ներառված միջոցառումների և, առհասարակ, ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի, արձանագրված առաջընթացի, թույլ տրված թերացումների վերաբերյալ` վերջիններս շտկելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար:
Քննարկման արդյունքում արված դիտողություններն ու առաջարկները, վարչապետի հանձնարարականով, կարճ ժամկետում կներկայացվեն ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար: