հինգշաբթի, 27 հուլիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Երեվանի քաղաքապետի հրավերով Հայաստանի մայրաքաղաք ժամանած Օդեսայի պատվիրակությանը` քաղաքապետ Ռուսլան Բոդելանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են գործարարներ, գիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Վարչապետը ողջունելի համարեց 1995 թվականից ի վեր Երեվանի հետ կապեր հաստատած Օդեսայի ղեկավարության և գործարարների տրամադրվածությունը` այդ կապերն ավելի սերտացնելու և համագործակցությունը գործնական հարթություն տեղափոխելու հարցոմ:
Հանդիպմանը ներկա էին Օդեսայի պատվիրակությանը հետաքրքրող ոլորտներ ներկայացնող ՀՀ նախարարներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, Կոտայքի մարզպետը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հյուրերին հիշեցրեց նաև վերջերս Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում Ուկրաինայի վարչապետ Վ.Յուշչենկոյի հետ առանձնազրույցում ձեռք բերված պայմանավորվածությունները` տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ծավալելու հարցում:
Նա հույս հայտնեց, որ այսօրինակ այցերն ու դրանց արդյունքում ձեռք բերված համաձայնությունները այդ համագործակցության առաջին գործնական քայլերը կդառնան, որոնց կառավարությունը պատրաստ է աջակցել և սատարել:
Օդեսայի պատվիրակությունը գլխավորող, քաղաքապետ Ռուսլան Բոդելանը, շնորհակալություն հայտնելով վարչապետին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար, ուրախությամբ նշեց, որ նույն կերպ են տրամադրված նաև իր երկրի իշխանությունները, ինչը մեծ խթան է գործնական քայլերի համար:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ու առաջարկներ: