հինգշաբթի, 13 մարտի 2014
Հայկական ընտանիքներն այս ամառ ևս կհյուընկալեն «Արի տուն» ծրագրի սփյուռքահայ մասնակիցներին Կմեծացվեն «Քվանտ» վարժարանի հնարավորությունները Կփոխհատուցվի կանանց միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրի կազմակերպման ծախսը
Նախորդ տարի «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է աշխարհի 34 երկրի 920 սփյուռքահայ երիտասարդ:
Այս տարի ևս հայաստանյան ընտանիքներում սփյուռքահայերին հյուրընկալելուն զուգահեռ նախատեսվում է կազմակերպել «Արի տուն» երիտասարդական ճամբարը:
Կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որը այսօրվա նիստի օրակարգում է, մշակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը` հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ներգրավված մասնակիցների և գործընկեր կազմակերպությունների առաջարկությունները: 2014թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան:
«Քվանտը» ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից է, այլև հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոն, որի մի շարք մշակումներ արդեն հանրակրթության ոլորտ են ներդրվել:
Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ, իսկ միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները` նաև ՄԲ դիպլոմ, որը առանց ընդունելության քննությունների աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ ընդունվելու հիմք է:
Նկատի առնելով այս ամենը և այն, որ «Քվանտի» համար տարածքի հարցը կենսական նշանակություն ունի, կառավարության որոշմամբ վարժարանին են նվիրաբերվել մի շարք շինություններ: «Քվանտն» իր հերթին ներկայացրել է ներդրումային ծրագիր, որի համաձայն առաջիկա հինգ տարվա ընթացքում կիրականացնի մոտ 100 մլն դրամի ներդրում:
Կառավարությունը կարևորել է հայ անվանի երգիչների, հաղորդավարների, պարային խմբերի մասնակցությամբ իրականացված կանանց միջազգային օրվան նվիրված «Միայն սիրո մասին» մեծածավալ համերգային ծրագիրը: Եվ քանի որ դրա իրականացման ծախսը նախատեսված չի եղել Մշակույթի նախարարության 2014թ. բյուջեով, համերգի կազմակերպիչ «Հայկական ջազի 70 տարին» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար նախարարությանը հատկացվել է մոտ 22.5 մլն դրամ:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը: