երկուշաբթի, 31 մարտի 2014
Դիլիջանում կայացել է «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը
Ս.թ. մարտի 28-30-ը Դիլիջանում կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը: Այն անցկացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո և կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից:
2013 թվականին փառատոնն անցկացվել է առաջին անգամ՝ միայն հայկական և վրացական թիմերի մասնակցությամբ: Այս տարի Հայաստանի և Վրաստանի լավագույն գիտակների հետ մրցում էին նաև Ռուսաստանի և Բելառուսի ուժեղագույն գիտակները՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մագիստր Մաքսիմ Պոտաշյովի գլխավորությամբ:
Երկօրյա ինտելեկտուալ խաղերի շրջանակում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարում հաղթել է Մաքսիմ Պոտաշյովի գլխավորած թիմը, «Բրեյն-ռինգ»-ում՝ աշխարհի չեմպիոն մոսկովյան «Քսեպ» թիմը, «Էրուդիտ-Սեկստետ»-ում՝ Երևանի «Պերեզագրուզկա» թիմը, իսկ «Քո խաղը» մրցաշարում՝ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող Ալեքսանդր Լիբեռը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը ՀՀ վարչապետի անունից ողջունել ու շնորհավորել է հաղթող ճանաչված թիմերին և նրանց հանձնել նախատեսված մրցանակները:
Ընդհանուր առմամբ միջազգային փառատոնին մասնակցում էր 22 թիմ` 11 հայկական և 11 արտասահմանյան: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն գիտակները ժամանել էին Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Կազանից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Թիֆլիսից, Զուգդիդիից, Երևանից և Ստեփանակերտից: