երեքշաբթի, 6 մարտի 2001
Մարտի 6-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գ.Մարտիրոսյանը:
Հանձնաժողովը հաստատեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 12 բարեգործական ծրագիր:
Դրանցից առավել մեծածավալը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող 13 ծրագրերն են՝ կապված հանրապետության տարբեր մարզերում, առաջին հերթին՝ աղետի գոտում կրթական ու մշակութային օբյեկտների շինարարության հետ: Հանձնաժողովը որպես բարեգործություն որակեց արտասահմանյան ու տեղական կազմակերպությունների մասնակցությունը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի առաջին վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող 17 ենթածրագրերին:
Առողջապահության բնագավառում երկարաժամկետ ու համալիր ծրագրեր կիրականացնեն Քամիլիանների միաբանությունը՝ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական կազմակերպությունը՝ Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Վանաձորում և Գորիսում: Առողջապահական ծրագրեր կիրականացնեն նաև հունական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ յումրիում և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը՝ հանրապետական նևրոլոգիական հիվանդանոցում:
Հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի միջոցներով փախստականների հիմնախնդրի լուծմանն ուղղված հերթական 3 ծրագրերը, այդ թվում՝ Երևանի Նոր- Նորքի ուսանողական հանրակացարանի 2 մասնաշենքերի վերանորոգման-վերափոխման, Արմավիր քաղաքում մանկապարտեզի կիսավարտ շենքի վերակառուցման և Ոսկեհատ ավանում փախստականների համար կառուցվող առանձնատների էլեկտրամատակարարման ծրագրերը:
2001 թվականի ընթացքում իր ավանդական և բազմաբնույթ բարեգործական ծրագրերը կշարունակի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը:
Նիստում քննարկվեցին նաև Միացյալ հայկական հիմնադրամի 112-րդ չվերթով, ինչպես նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բեռների ներմուծման ու բաշխման ծրագրերը և այլ հարցեր: