երեքշաբթի, 6 մարտի 2001
Այսօր ՀՀ կառավարությունում արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանն ընդունեց մարտի 6-7-ը Երևանում անցկացվող ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի հարցերի խորհրդի 28-րդ համաժողովի պատվիրակությունների ղեկավարներին՝ խորհրդի տնօրինության նախագահ Անատոլի Սիդենկոյի գլխավորությամբ: Ներկա էին նաև համաժողովին մասնակցող Բալթյան երկրների և Բուլղարիայի երկաթուղայինների պատվիրակությունների ղեկավարները: Համաժողովին ողջույնի խոսք է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Ողջունելով հյուրերին, Դավիթ Զադոյանը գոհունակություն հայտնեց ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հետ կապված խնդիրները Հայաստանում քննարկելու կապակցությամբ և խորհրդին մաղթեց արդյունավետ աշխատանք: Նշելով հատկապես երկաթուղային շրջափակման վերացման հրատապությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար, նա հույս հայտնեց, որ ընդհանուր ուժերով հնարավոր կլինի վերականգնել այն կապերը, որ գոյություն ունեին նախկին խորհրդային հանրապետությունների միջև: ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի հարցերի խորհրդի տնօրինության ղեկավար Անատոլի Սիդենկոն և պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի կառավարությանը խորհրդի նիստը Երևանում անցկացնելու հրավերի, ջերմ ընդունելության և աշխատանքային բարձրակարգ պայմաններ ապահովելու համար: Բոլոր ելույթ ունեցողները համոզմունք հայտնեցին, որ երկաթուղին երկրներն ու ժողովուրդներին իրար կապող զորեղ միջոցներից է և անպայման պետք է օգտագործել նրա հնարավորությունները ինչպես առանձին տարածաշրջաններում, այնպես էլ ամբողջ ԱՊՀ տարածքում՝ խաղաղ կյանք ապահովելու և անկախ պետությունների տնտեսություններն արագորեն զարգացնելու համար:
Մասնակիցների կարծիքով երկաթուղին այսօր շատ խնդիրներ ունի, սակայն պետությունների ղեկավարների քաղաքական կամքի և տրանսպորտի բնագավառի մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի արդյունավետ լուծումներ գտնել: