երեքշաբթի, 6 մարտի 2001
Մարտի 6-7-ը Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերի խորհրդի՝ 28-րդ համաժողովի բացման կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջույնի ուղերձ է հղել, որտեղ կարևորել է երկաթուղային տրանսպորտի գործունեության համակարգումը միջազգային մակարդակով, Համագործակցության երկրների միջև տնտեսական կապերի, ինչպես նաև միջազգային հաղորդակցության ոլորտում երկաթուղային փոխադրումների իրականացման նորմատիվային-իրավական բազայի ապահովումը: Ըստ վարչապետի, երկաթուղային տրանսպորտի հարցերի խորհրդի գործունեությունը բազմիցս ապացուցել է իր կարևորությունը: Նա բարձր է գնահատել միջազգային հաղորդակցության մեջ տրանսպորտային սպասարկման կատարելագործմանը, երկաթուղիների տեխնոլոգիական միասնության ամրապնդմանը և երկրի ու տնտեսության համար հրատապ հիմնախնդիրների լուծմանն ուղղված Խորհրդի գործունեությունը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ երկաթուղու կայուն աշխատանքից է մեծապես կախված երկրի տնտեսության տարբեր ոլորտների բնականոն գործունեությունն ու զարգացումը: Երկաթուղին առանձնահատուկ դեր է խաղում նաև պետությունների քաղաքական հարաբերությունների զարգացման մեջ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Հայկական երկաթուղու զարգացմանը: Դրա վկայությունն է կառավարության ընդունած N 634 որոշումը՝ Հայկական երկաթուղու կառուցվածքային ու տնտեսական բարեփոխումների վերաբերյալ: Հիշեցնելով, որ հայտնի պատճառներով առաջին հերթին Հայաստանն է առավել տուժել տարածաշրջանային բախումներից, գոյություն ունեցող տնտեսական կապերի փլուզումից, տարածաշրջանի երկրների ու նաև արտաքին աշխարհի հետ երկաթուղային հաղորդակցության ընդհատումից, վարչապետը նշել է, որ նախկին կապերի վերականգնումն ու տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային տարբերակների մշակումը, տարածաշրջանի երկրների տնտեսական համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը կնպաստեն ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:
Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ ընդհանուր ուժերով հնարավոր կլինի լուծել մեր երկրների առջև ծառացած խնդիրները և Խորհրդի 28-րդ համաժողովը կտա իր դրական արդյունքները: