երկուշաբթի, 5 ապրիլի 2004
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին և միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին: Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկայացրել է միության ծրագրերը Հայրենիքում և Սփյուռքում, ընդգծելով, որ իբրև ապաքաղաքական կազմակերպություն, իրենք իրականացնում են ազգապահպան առաքելություն՝ տարբեր բնագավառներում իրագործվող ծրագրերի շուրջ նախապես խորհրդակցելով և համագործակցելով հայրենի պետության հետ: Պարոն Սեդրակյանն անդրադարձել է նաև միության խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իր և կառավարության անունից, պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ նրա կարևոր առաքելության իրագործման ճանապարհին: