ուրբաթ, 4 հուլիսի 2014
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Ծաղկաձոր, որտեղ ներկա է գտնվել «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման արարողությանը: Վարչապետը զրուցել է «Արի տուն» ծրագրով հայրենիք ժամանած սփյուռքահայ պատանիների հետ, ովքեր իրենց տպավորություններով են կիսվել ճամբարի և Հայաստան կատարած այցի վերաբերյալ:
Հովիկ Աբրահամյանը ողջունել և շնորհավորել է պատանիներին հայրենաճանաչողական ծրագրի շրջանակներում Հայաստան կատարած այցի առթիվ և նշել. «Մենք ձեզ շատ ենք սիրում, ձեզնով հպարտանում և ուրախանում: Այս ծրագրին շատ լուրջ եմ վերաբերվում և ես՝ որպես վարչապետ, ամեն ինչ անելու եմ, որ այն լինի շարունակական և ամեն տարի ծրագրին մասնակից երեխաների թիվն ավելանա: Համոզված եմ, որ ձեր այցը Հայաստան ջերմորեն է կապում ձեզ մայր հայրենիքին»:
Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին և նրանց, ովքեր զբաղվում են այս հայանպաստ, ազգանվեր գործով՝ «Արի տուն» ծրագրի կազմակերպմամբ:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը շրջել է ճամբարի տարածքով՝ ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին:
«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում հայրենիք է ժամանել 140 պատանի աշխարհի 9 երկրից: