երեքշաբթի, 6 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց նորանկախ պետություններին ԱՄՆ օգնության համակարգող, դեսպան ՈՒիլյամ Թեյլորին, որը նաև տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի համանախագահն է և նրա գլխավորած պատվիրակությանը: Նշված աշխատանքային խումբը ստեղծվել է 1999թ. սեպտեմբերին՝ ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի և ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Մարտի 5-6-ին Երևանում աշխատանքային խումբն իր 3-րդ նիստը գումարեց, որի ընթացքում քննարկվեցին տնտեսական կարևորագույն մի շարք հարցեր՝ կապված ՀՀ-ում ներդրումային մթնոլորտի բարելավման, մակրոտնտեսական և բյուջետային քաղաքականության, բարեփոխումների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերությունների, ՀՀ կառավարության գործունեության ծրագրի շրջանակներում համագործակցության, ս.թ. մայիսին Նյու-Յորքում կայանալիք Հայաստանին նվիրված գործարար-համաժողովի նախապատրաստական աշխատանքների, էներգետիկ անվտանգության և այլ հարցերի հետ:
Հանդիպմանը, վարչապետը ողջունելով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 3-րդ նիստի աշխատանքները, նաև մինչ այդ նախապատրաստական աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպումը, համոզվածությամբ նշել է, որ այն կունենա իր դրական արդյունքը:
Ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը գոհ է աշխատանքային խմբի գործունեությունից, Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ այն կշարունակի իր կարևոր առաքելությունը՝ կարևոր դեր խաղալով և մեր երկրի գործարար միջավայրի բարելավման, և կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությանն օժանդակելու, և ընդհանրապես, բարեփոխումների իրականացման գործում:
Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ի ժողովրդին և կառավարությանը՝ ՀՀ-ին մինչ այժմ ցուցաբերած մոտ 1,2 մլրդ դոլարի մարդասիրական օգնության, նաև երաշտի հետևանքների հաղթահարման նպատակով ցուցաբերած օժանդակության ու 2001թ. ֆինանսական տարում Հայաստանին հատկացվելիք 90 մլն դոլար մարդասիրական և տեխնիկական օգնության համար:
Իր և կառավարության անունից ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը, հատկապես շեշտը դնելով առաջիկայում սպասվող կարևոր երկու միջոցառումների՝ մայիսին Նյու-Յորքում անցկացվելիք գործարար համաժողովի և ամռանը Փարիզում նախատեսվող դոնոր երկրների հետ հանդիպման աշխատանքները պատշաճ նախապատրաստելու և անցկացնելու վրա:
Դեսպան ՈՒիլյամ Թեյլորը ՀՀ վարչապետին ներկայացրեց աշխատանքային խմբի անդամներին և մանրամասնեց նիստի արդյունքները, իր հերթին մեծապես կարևորելով վերոհիշյալ երկու միջոցառումները և իր երկրի անունից խոստանալով հնարավոր աջակցություն:
Դեսպան Թեյլորը կարևորեց նաև այս տարի ակնկալվող ՀՀ-ի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Նա հույս հայտնեց, որ ԼՂՀ հակամարտությունը շուտով կողմերի համար ընդունելի լուծում կստանա, և տարածաշրջանում հնարավոր կլինի զարգացման ավելի մեծածավալ և հեռանկարային ծրագրեր իրագործել:
Դեսպան Թեյլորը ՀՀ վարչապետին հրավիրեց մասնակցելու աշնանը Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 4-րդ նիստին:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս կարևորելով ԼՂՀ հակամարտության շուտափույթ և արդար լուծումը, ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության, ինչն իր հերթին կնպաստի հակամարտության լուծմանը: Մեր երկիրը, ըստ վարչապետի, պատրաստ է նաև հարևան Թուրքիայի հետ երկխոսության, եթե վերջինս այն սկսելը չպայմանավորի ԼՂՀ-ի հարցով: Վարչապետը նաև կարևորել է Թուրքիայի կողմից պատմական իրողությունների չանտեսումը, անցյալի ծանր բեռի թոթափումը և տարածաշրջանային զարգացման ծրագրերին մասնակցությունն առանց նախապայմանների, ինչը հիմք կդառնա տարածաշրջանի կայունության և արագ զարգացման համար: